Չինաստանում կորոնավիրուսը կարող էր տարածված լինել դեռևս 2019-ի հոկտեմբերին․ Քենթի համալսարան
Չինաստանում կորոնավիրուսը կարող էր տարածված լինել դեռևս 2019 թվականի հոկտեմբերին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը և հավելում, որ դա 2 ամիս ավելի վաղ է Ուհանում առաջին վարակման դեպքի պաշտոնական արձանագրումից:
Բրիտանիայի Քենթի համալսարանի հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ կորոնավիրուսն առաջին անգամ ի հայտ է եկել 2019 թվականի հոկտեմբերի սկզբից նոյեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածում։ Առաջացման ամենահավանական ամսաթիվը նոյեմբերի 17-ն է, իսկ աշխարհում վարակը, ամենայն հավանականությամբ, տարածվել է մինչև 2020 թվականի հունվարը։ Չինաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, ըստ պաշտոնական տվյալների, գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերին` Ուհանում։
ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը լրատվական գործակալությանը հաստատել է, որ ուսումնասիրությունների նպատակով 2020 թվականի մարտին Հաջորդականության ընթերցման արխիվին
(Sequence Read Archive) տրամադրված նմուշները վերացվել են չինացի քննիչների խնդրանքով: Նրանք ասել էին, որ այդ տվյալները կթարմացվեն և կներկայացվեն այլ արխիվ: Քննադատները գտնում են, որ տվյալների ջնջումը ևս մեկ ապացույց է այն բանի, որ Չինաստանը փորձում էր կոծկել COVID-19-ի ծագումը: