Պտտահողմ Չեխիայի հարավում. մնացել են միայն տների պատերը՝ առանց տանիքների և պատուհանների (լուսանկարներ, տեսանյութ)
Չեխիայի հարավով պտտահողմ է անցել, հայտնում է Korrespondent.net լրատվականը՝ հղում տալով չեխական հեռուստատեսությանը: Բնական աղետի հետևանքով կան զոհեր, որոնց թիվը դեռևս ճշտվում է։
«Մնացել են միայն տների պատերը՝ առանց տանիքների և պատուհանների։ Եկեղեցին նույնպես առանց տանիք է մնացել», - ասել է Գրուշկի գյուղի ղեկավարն ու հավելել, որ դպրոցը նույնպես վնասվել է։
Հեռուստաալիքը տեղեկացրել է, որ փրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Ավստրիայից և Սլովակիայից փրկարարներ և հրշեջներ են ժամանել։ Մասնավորապես, Ավստրիան Չեխիա է ուղարկել շտապօգնության և վերակենդանացման ավելի քան 30 մեքենա, փրկարարներ և երկու ուղղաթիռ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Չեխիայի հարավ-արևելքում տորնադոյի հետևանքով շուրջ 150 մարդ է տուժել։ Տորնադոյի հետևանքով յոթ բնակավայր է տուժել Հարավմորավական մարզում: Տների փլատակների տակ մարդիկ են մնացել, ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ: Ճշգրտվում է վնասի չափը։
Օդերևութաբանները նշել են, որ այս շրջաններում նման բնական երևույթները հազվադեպ են լինում։