Քվեարկությանը պետք է հաջորդեր համերաշխությունը, մինչդեռ հանրությանը նոր խմբերի են բաժանում. ագրեսիայի մթնոլորտը կարող է տեղափոխվել իրական կյանք. Արման Թաթոյան (տեսանյութ)
Շատ մտահոգիչ է այն մթնոլորտը, որում անցավ նախընտրական քարոզարշավը, քվեարկությունից հետո պառակտումների նոր վտանգավոր դրսևորումներ ենք տեսնում, ագրեսիայի, սպառնալիքների, սոցցանցերում մեծածավալ հայհոյանքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության միջավայր. քվեարկությանը պետք է հաջորդեր համերաշխությունը, մինչդեռ հանրությանը նոր խմբերի են բաժանում, քվեարկության օրն անգամ քաղաքացիները տեսանկարահանում էին իրենց քվեաթերթիկները: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Ես հետևում եմ, որ պետությունը պատշաճ իրականացնի իր պարտավորությունները ընտրությունների ընթացքի կազմակերպման հարցում: Հանրային որոշ գործիչներ ասում էին, որ եթե ես իշխանությանը քննադատում եմ, նույնչափ պետք է քննադատեմ նաև ընդդիմությունը: Սա վտանգավոր միտում է, ՄԻՊ-ը չի կարող հավասարապես քննադատել իշխանությանն ու ընդդիմությանը, այլապես կդառնա գործիք, ինչը ցանկացած իշխանության երանությունն է»,- ասել է օմբուդսմենը:
Ըստ Թաթոյանի՝ իր խնդիրը նաև ընդդիմության քաղաքական իրավունքները պաշտպանելն է. «Պատկերացրեք՝ 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններն են, և նախագահը մուրճով դուրս է գալիս հանրահավաքի, սպառնում է քաղաքացիական վրեժով և վենդետայով: Եթե նման ագրեսիվ տոնով ելույթ ունենար, պատկերացնո՞ւմ եք՝ ես չարձագանքեի, որքան կքննադատվեի, և արդարացիորեն:
Պատասխանատվությունը պետությանն է և այդ պահին գործող իշխանությանը: Վարչապետի կարգավիճակ ունեցող և արձակուրդի մեջ գտնվող մարդուն ներկայացնում էին իբրև վարչապետ»:
Պաշտպանի կարծիքով՝ քվեարկությունից հետո ավելի վտանգավոր դրսևորումներ առաջ եկան, և եթե նախկինում ասում էին սև-սպիտակ, հիմա արդեն՝ գյուղաբնակ-քաղաքաբնակ, ինտելեկտուալներ-անկիրթներ, գրագետ-անգրագետ, էլիտար-ժեխ. «Սա դատապարտելի մոտեցում է, ոչ ոք իրավունք չունի մարդկանց պիտակավորելու:
Այս ամենի վրա յուղ են լցնում ֆեյքային հարձակումները: Շատ վտանգավոր է հայհոյախոսությունը, համացանցում մարդիկ իրար սեռական բնույթի հայհոյանքներ են տալիս: Մարդու իրավունքների համատեքստում շատ մտահոգիչ են պողպատե մանդատի կամ իրավունքի և օրենքի դիկտատուրայի մասին պնդումները, դա չպետք է դրվի իրավապահ համակարգի աշխատանքի հիմքում: Կա իրավունքի գերակայություն, սա է հիմքը, ամեն ինչի առանցքում պետք է լինի այս սկզբունքը»:
Օմբուդսմենի պնդմամբ՝ հայհոյանքի ծավալը, ագրեսիայի մթնոլորտն այնքան մեծ է, որ իրավապահ մարմինները պետք է ավելի ակտիվ լինեն: «Պետությունը պետք է հրապարակային հայտարարություններով, նախազգուշացումներով հանդես գա: Իրավապահ մարմիններն ունեն նախականխիչ գործառույթներ: Ագրեսիայի մթնոլորտն այնքան բարձր է, որ կարող է տեղափոխվել իրական կյանք: Մեր ամբողջ քաղաքական դաշտը միայն իշխանավեճով է զբաղված, մարդն իր հոգսերով ստվերված է, մարդու հոգսերի քննարկման օրակարգ մեր հանրային տիրույթում չկա»,- ամփոփել է Արման Թաթոյանը:
Դավիթ Սարգսյան