«Ռուս-ադրբեջանական հարաբերություններում խնդրահարույց մթնոլորտ կա. Ադրբեջանը կատարում է թուրքական կողմի հրահանգները»
«Այս պահին Ադրբեջանը խնդիրներ ունի՝ կապված Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների հետ: Սահմանային իրավիճակը լարելով՝ Ադրբեջանը փորձում է իր համար որոշակի դիրքեր ապահովել, առավել կոշտ դիրքորոշում որդեգրել, որպեսզի հետագայում ինչ-ինչ գործընթացներում իր համար ձեռնտու զիջումներ կորզի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նրա խոսքով՝ այդ սադրանքներին չպետք է տրվել և պետք է միանշանակորեն գնահատել ադրբեջանական կողմի պահվածքը՝ որպես ագրեսիվ և հակահայկական, հակառուսական և հակաիրանական վարքագիծ:
«Եթե հետևենք ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներին, ապա հակառուսական, հակաիրանական նյութերի քանակը զգալիորեն ավելացել է:
Ադրբեջանը, կատարելով թուրքական կողմի հրահանգները, փորձում է մեր տարածաշրջանում հերթական անգամ լարվածություն ի հայտ բերել: Ընդ որում, այդ լարվածությունը վերաբերում է ոչ միայն Հայաստանին և Արցախին, այլ նաև Ռուսաստանին և Իրանին»,- հայտարարեց Վարդան Ոսկանյանը:
Իրանագետի կարծիքով՝ Ադրբեջանն ակնհայտորեն գնում է հարաբերությունների լարման, և դա իրականացվում է թուրքական կողմի դրդմամբ, և թուրքական կողմն է հիմնական խաղացողը և կառավարում է Ադրբեջանի վարքագիծն ամբողջությամբ:
«Այս իմաստով Բաքվի բռնապետը՝ Իլհամ Ալիևը, հայտնվել է իր համար բավական դժվարին կացության մեջ, որովհետև չնայած 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցած իրենց եզրահանգումներով ձեռքբերումներին՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը պետք է շատ նրբորեն մանևրի ռուսական և թուրքական շահերի միջև:
Ակնհայտ է, որ այդ մանևրելը շատ դեպքերում չի ստացվելու, ուստի ադրբեջանական կողմը շարժվելու է թուրքական օրակարգով, իսկ այդ օրակարգը ենթադրում է մեր տարածաշրջանում Ռուսաստանին լիակատար դուրս մղում»,- ընդգծեց Ոսկանյանը:
Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով հարցադրմանը, թե ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի այցը Հայաստան ի՞նչ կարեւորություն ունի, և արդյո՞ք այդ այցը փոփոխություն կմտցնի ՀԱՊԿ-ի դիրքորոշումներում, հայտարարեց.
«ՀԱՊԿ-ը որպես կառույց ստեղծվել է Ռուսաստանի շուրջ, և Ռուսաստանն է անվտանգային կառույցի հիմնական դերակատարը, որից կախված են շատ գործընթացներ:
Հայաստանում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի արտահայտությունները միանշանակորեն արտացոլում են նաև ռուսական կողմի կարծիքները: Եթե մենք դիտարկենք նաև այլ հայտարարություններ ռուսական կողմից, ապա ակնհայտ է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում այս պահի դրությամբ կան խնդիրներ, և այդ խնդիրների միջակայքում եթե Հայաստանը ունենա բավարար կամք և բավարար հմտություններ, կարող է հայկական շահը առաջ մղել թե՛ արցախյան, թե՛ ՀՀ հարցերում:
Ընդհանուր առմամբ մենք շատ տեղեկատվություն չունենք հայ-ռուսական հարաբերություններում ընթացող գործընթացների մասին, բայց որքանով կարող ենք դատել առկա տեղեկատվությունից, ռուսական կողմը փորձում է իր կարողությունների շրջանակում որոշակիորեն վերականգնել մեր բանակի հնարավորությունները և մյուս կողմից էլ ամրապնդվել մեր տարածաշրջանում:
Պատրանք է, որ ռուսական կողմը կարող է սեփական կամքով դուրս գալ Արցախից: Այսինքն՝ ռուս խաղաղապահները մեր տարածաշրջանում հայտնվել են շատ երակարաժամկետ կտրվածքով ըստ ռուսական շահերի, իսկ այդ շահը չի բխում թուրքական շահից:
Ադրբեջանն էլ՝ որպես Թուրքիայի փաստացի գործակատար մեր տարածաշրջանում, առաջնորդվում է թուրքական կողմի նախանշած ուղեգծով, և այդ ուղեգծում ակնհայտ հակասությունների մեջ է մտնում ոչ միայն ՀՀ և Արցախի պատմությունների, այլ նաև Ռուսաստանի հետ: Ռուս-ադրբեջանական հարաբերություններում որոշակի եթե չասենք լարվածություն, ապա գոնե խնդրահարույց մթնոլորտ կա, որը պետք է օգտագործվի ի շահ Հայաստանի»,- եզրափակեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Անահիտ Չալիկյան
The post «Ռուս-ադրբեջանական հարաբերություններում խնդրահարույց մթնոլորտ կա. Ադրբեջանը կատարում է թուրքական կողմի հրահանգները» appeared first on ԳԱԼԱ.