Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրն է
Դեռ տարեսկզբից Ալեքսանդր Սպենդիարյանի տուն- թանգարանի նախաձեռնությամբ և Կրթության, գիտության, մշակույթի և սպոտի նախարարության աջակցությամբ հոբելյանական մի ընդարձակ ծրագիր է իրականացվում՝ ներկայացնելու մեծ կոմպոզիտորի թողած ժառանգությունը, կյանքն ու գործը։
Հոբելյանական ծրագիրը կամփոփվի տարեվերջին, իսկ այսօր նրա արվեստի երկրպագուները, մեր երաժշտարվեստի ներկայացուցիչները Ալեքսանդր Սպենդիարյանի անունը կրող երեք մշակութային հաստատությունների՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, նրա տուն-թանգարանի և նրա անունը կրող երաժշտական մասնագիտական դպրոցի նախաձեռնությամբ և հրավերով հարգանքի տուրք մատուցեցին Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակին՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում գտնվող նրա շիրիմին ծաղիկներ դնելով և իրենց երախտիքի խոսքը հայտնելով նրա թողած ժառանգության և մեր երաժշտարվեստի պատմության մեջ նրա կատարած մեծ դերի համար։
Հոբելյանական ծրագրերի մտահղացման և բազմաթիվ նախաձեռնությունների իրականացման հեղինակ, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Այսօր արդեն հայտարարեցի, որ ամբողջ Հայաստանը և Արցախ աշխարհը ժամը 13:00-ից ողողված է կոմպոզիտորի երաժշտությամբ։ Տեսնում եք, նրա շիրիմի շուրջը հավաքվել է արվեստասեր հասարակությունը, հետո մենք հյուրընկալվելու ենք նրա անունը կրող Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ վայելելու համերգ, շնորհավորելու միմյանց այս կարևոր իրադարձության կապակցությամբ։ Ամբողջ տարին նշել ենք իհարկե, այսուհետ շարունակելու ենք։ Առաջիկայում ունենք ևս մեկ համերգ-դասախոսություն Երևանում, ամսի 27-ին, գիտական եռօրյա նստաշրջան՝ դեկտեմբերի 14,15,16-ին, Երևանում, Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի և Կոմպոզիտորների միության հետ համատեղ։ Մեծ թվով հայտեր ունենք, երեսուներեք հայտ է ներկայացվել աշխարհի տարբեր երկրներից։ Ինչպես Բաբաջանյանն է նշել, նա այնպիսի հիմնաքար դրեց, որ հետագա կոմպոզիտորներից միայն մնում է պահել սահմանած այդ բարձր նշաձողը և դրանով առաջ գնալ»։
«150-ը այն թիվն է, որ անցնում է բոլոր փորձաշրջանները, և այսօր որ կա Սպենդիարյանը իր հանճարեղ մտածելակերպով, միայն պատիվ է բերում մեր ժողովրդին։ Խաչատրյանը և շարունակողները նրանք հիմք են վերցրել Սպենդիարյանից։ Կոմիտասյան ավանդույթները իհարկե շատ կարևոր են, բայց ինչ որ արել է Սպենդիարյանը, նա կապել է եվրոպական մտածողությունը հայ ազգային մտածողության հետ։ Դա այնպիսի մի ուղղություն էր, որը բարենպաստ հող գտավ ոչ միայն հայ կոմպոզիտորների, այլև ամբողջ աշխարհում», - ասաց Կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը։
«Հայաստանի փոքրիկ երգիչների» հիմնադիր խմբավար Տիգրան Հեքեքյանը նշեց. - «Մեր երախտավորների, մեր մեծերի հոբելյանները նշելով՝ մենք հարգում ենք ինքներս մեզ։ Իրենք անցել են, իրենք գնացել են, իրենք թողել են մեզ հսկայական ժառանգություն և իրենք իրենց ժամանակին հսկայական գործունեություն են ծավալել։ Միայն այն, որ Սպենդիարյանի նման անձը վերադարձել է հայրենիք, սկսել է գործել զրոյից կառուցվող մի պետության մեջ, արդեն օրինակ է մյուսների համար։ Էլ չեմ խոսում իր ժառանգության մասին, որ թողել է, ինքը երաժշտությունն է խոսում։ Առանց անցյալի չի կարող լինել ո'չ ներկա, ո'չ ապագա»։
Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր, «Հովեր» երգչախմբի հիմնադիր ղեկավար Սոնա Հովվհաննիսյանն ընդգծում է Ալեսանդր Սպենդիարյանի այն մեծ դերակատարումը, որ նա ունեցավ հայ երաժշտարվեստի պատմության մեջ. - «Շատ մեծ դերակատարություն է ունեցել նաև կոնսերվատորիայի կյանքում։ Շատ կարևոր երախտավոր է, ու նրա գործը ամեն առիթով զգում ենք, կարևորում ենք, ապրում է։ Հեղինակ է, անուն է, որ ապրում է։ Դա շատ կարևոր է»։