Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց․ նրա ձերբակալությունը ճանաչվել է ոչ իրավաչափ
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, Նարեկ Սամսոնյանի ձերրբակալությունը ճանաչել է ոչ իրավաչափ։
Հիշեցնենք, որ Սամսոնյանը ձերբակալվել էր ծանր վիրավորանքի համար։ Նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը մանրամասներ էր ներկայացրել։
Քննիչը մեզ հայտնեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցչի դիմումի հիման վրա Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել էր Ռուբեն Մելիքյանը։
«Քրեական դատավարության օրենսգրքով կան ֆորմալ խոչընդոտներ, մենք կներկայացնենք այդ խոչընդոտները և կտեսնենք քննիչի գործողությունները։ Լայն առումով գործ ունենք մի երևույթի հետ, որի վտանգների մասին բազմիցս էինք խոսում, սա քաղաքական ընդդիմախոսների դեմ օգտագործման համար նախատեսված երևույթ է, որը մեծ թափով կիրառվում է»,-ասել էր Մելիքյանը։
Անդրադառնալով Նարեկ Սամսոնյանին` իր տան բակից մեծաքանակ ոստիկանների ուղեկցությամբ բռնի կերպով բերման ենթարկելուն, Մելիքյանը նշել էր.
«Ծանր վիրավորանքի համարը, որի համար ազատազրկում նույնիսկ նախատեսված չէ, այդպիսի միջոցներով բերման ենթարելը անհասկանալի է, և մեր պատկերացմանբ` ապօրինի։ Ոստիկանների այդ քանակով և այդ եղանակով, որ կիրառվել է, «նիկոլական ձերբակալման» երևույթ է, որի մասին նա խոսում էր տարիներ առաջ, «գետնին պառկեցնելու» սկզբունքներով իրականացված քաղաքական ակցիա էր»։