Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում․ 17-ամյա աղջիկը տեղում մահացել է․ վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել․ shamshyan.com
Այսօր, հուլիսի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ոսկետափ գյուղի կամուրջ և, չհասած կամուրջ, հայտնաբերել է դի։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 05։00-ի սահմաններում Երասխ-Երևան ավտոճանապարհի 25 կմ-ում Ոսկետափ գյուղի վարչական շրջանում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Ալվարդ Ա․-ին և, նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի։
Վրաերթի փաստով՝ ավագ քննիչի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմաց վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։