Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն ասում են՝ Արցախը Ադրբեջանի մաս է, Արցախի ղեկավարությունը պետք է կարողանա դիմակայել երկուսին էլ․ Աղվան Վարդանյան
Արցախում ոչ ստանդրատ իրավիճակ է, որը ժամանակ առ ժամանակ թելադրում է ինչ-որ լուծումներ, այդ լուծումների անհրաժեշտությունը առաջացել էր 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Արցախում սսահմանադրական հանրաքվե անելու հնարավորությանն ու անհրաժեշտությանը։
«Հիմա նոր իրավիճակ է Արցախում, ակնհայտ է, որ լավագույն լուծումների փնտրտուք անընդհատ կա։ Ես վատ բան չեմ տեսնում այս նոր նախաձեռնության մեջ, միայն թե սա ևս չդառնա ժամանակ ձգելու կամ ինչ-որ բաներ հանդարտեցնելու հնարավորություն։ Եթե արտառոց մի բան լինի, կամ եթե նախագահը հրաժարական տա ու հնարավոր չլինի նոր ընտրություններ անցկացնելու, գոնե ԱԺ-ն կարողանա երկրի ղեկավար ընտրել, որպեսզի իշխանության վակուում չառաջանա»,- ասաց նա։
Վարդանյանը նշեց, որ պատերազմից հետո Արցախում կային լուծումներ, դրանց ուղղությամբ աշխատանքներ էին տարվում, բայց անհրաժեշտ քայլեր չարվեցին։
«Հիմա ունենք ծանրագույն իրավիճակ, մեծ վտանգ, որ հրաժարականների պարագայում իշխանությունը ընդհանրապես կպարալիզացվի, դժվար է նաև ենթադրել, որ հնարավոր է այսօր Արցախում լիարժեք ընտրություններ անցկացնել։ Ադրբեջանն այսօր ասում է, որ Արցախ գոյություն չունի, Արցախը Ադրբեջանի մաս է, բայց ողբերգությունն այն է, որ նույնը ասում է ՀՀ իշխանությունը ու հրապարակային որևէ մասնակացություն չի դրսևորում այս իրադարձությունների վերաբերյալ։ Հարցն այն է, թե Արցախի այսօրվա ֆորմալ և ոչ ֆորմալ ղեկավարությունը ինչպես կկարողանա կազմակերպվել ու դիմակայել երկու կողմերին։ Ես վստահ եմ, որ կկարողանան, որովհետև Ադրբեջանի հայտարարությունները իրավական հիմք չունեն, իսկ Հայաստանի իշխանություններին դիմակայելը ուղղակի անհրաժեշտ է»,- ասաց Աղվան Վարդանյանը։