Զարմանալի կլիներ, եթե Հայաստանում առկա ու մշտական բնակչության թիվն աճեր. նվազումը սպասելի էր, ոչ մի արտառոց բան չի եղել. ժողովրդագիր
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի համար ո՛չ զարմանալի, ո՛չ անսպասելի են Հայաստանում 2022 թվականի մարդահամարի նախնական տվյալները: «Զարմանալի կլիներ, եթե այդ թիվն ավելանար, սպասելի էր, որ նվազման միտում է նկատվելու, ոչ մի արտառոց բան չի եղել»,- «Մեդիալաբին» ասում է ժողովրդագիրը։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2․928․914 մարդ է, իսկ առկա բնակչության թվաքանակի ցուցանիշը՝ 2.638.917։ Երկուսի պարագայում էլ նկատելի է ցուցանիշների նվազում։
Հայաստանում վերջին անգամ մարդահամար անցկացվել էր 2011 թվականի նույն ժամանակահատվածում, որի տվյալներով առկա բնակչության թվաքանակը եղել է 2.871.771, իսկ մշտականը՝ 3.018.854։ Այս տարիների ընթացքում մշտական բնակչության թիվը նվազել է շուրջ 90 հազարով, իսկ հարցումների անցկացման պահին այստեղ գտնվողներինը՝ գրեթե 233 հազարով։
Նախորդ տարվա հոկտեմբերին անցկացված մարդահամարը անկախ Հայաստանի պատմության երրորդ մարդահամարն է, առաջինը եղել է 2001թվականին հետևյալ ցուցանիշներով․ առկա բնակչություն՝ 3.002. 598, մշտական՝ 3.213.011։
Հայաստանի 2022 թ․ մարդահամարն իրականացվել է ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա, որին հատուկ ծրագրային ապահովման միջոցով համակցվել են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի, ինչպես նաև 25 տոկոս ընտրված հասցեներում բնակվող տնային տնտեսություններից մարդահամարի ծրագրով հավաքված տվյալները։
Մարդահամարի ծրագրով ընտրանքային հարցումներն իրականացրել են 2067 հաշվարարներ, որոնց աշխատանքները համակարգել են 414 հրահանգիչներ և 27 համակարգողներ։
«Բնական վերարտադրությունը պակասում է, ծնունդ-մահերի թվերի հարաբերակցությունը նվազում է, բացի դրանից, տեղի է ունենում բնակչության արտահոսք, իսկ այդ բոլորի հետևանքով տեղի է ունենում բնակչության քանակի կրճատում, ընդ որում՝ նվազել է և՛ առկա բնակչությունը, և՛ մշտական բնակչությունը»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Եգանյանը։
Ժողովրդագիրն ասում է, որ նվազման պատճառների մասին խոսում են արդեն հետխորհրդային ամբողջ շրջանում:
«Ծնելիության մակարդակի նվազումն է՝ մահացության մակարդակի տարբեր փոփոխություններով, երբեմն աճով, երբեմն՝ նվազմամբ, ու բնակչության արտահոսքն է երկրից»,- ասում է Եգանյանն ու հավելում, որ արտահոսքի մասով դժվար է դատողություններ անել, որովհետև իրավիճակը փոխվել է ոչ միայն երկրի ներսում, այլ նաև համաշխարհային առումով է կտրուկ փոխվել։
«Մեր բնակչության հիմնական արտահոսքն առաջ ուղղված էր լինում դեպի Ռուսաստան, իսկ այսօրվա դրությամբ ես դժվարանում եմ ասել, որ այդ հնարավորությունները պահպանվում են։ Դեպի Արևմուտք շարժն էլ, չեմ կարծում, թե այդքան հեշտացել է, ընդհակառակը՝ կարծում եմ, որ բարդացել է։ Այսինքն՝ երկրից հեռանալ ցանկացողները շատ են, բայց հնարավորություններն ավելի սակավ են դարձել»,- ասում է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը։
Եգանյանի խոսքով՝ այս պահին հնարավոր չէ ավելի մեկնաբանություն անել, պետք է սահմանափակվել նրանով, ինչ հաղորդում է Վիճակագրական կոմիտեն՝ մարդահամարի նախնական տվյալներով։
«Մանրամասների մասին առավել հանգամանալից հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ վերջնական ուսումնասիրությունները ավարտված կլինեն, իսկ հիմա ավելի բան, քան կա նախնական տվյալների հրապարակման մեջ, ասել հնարավոր չէ»,- եզրափակում է ժողովրդագիրը։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Զարմանալի կլիներ, եթե Հայաստանում առկա ու մշտական բնակչության թիվն աճեր. նվազումը սպասելի էր, ոչ մի արտառոց բան չի եղել. ժողովրդագիր appeared first on MediaLab Newsroom-Laboratory.