Մենք շատ լավ հարաբերություններ պետք է ունենանք և՛ Ռուսաստանի հետ, և՛ Արևմուտքի հետ. Գագիկ Ծառուկյան
Մեր երկրին անհրաժեշտ են լավ գործընկերներ, լավ դաշնակիցներ, մենք փոքր պետություն ենք, և պետք է ընտրենք լավ դաշնակիցներ, որոնք կլինեն մեր կողքին:
Այս մասին «Կենտրոն» հեռուստատեսության «ՊրեսԿենտրոն» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան՝ պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների մասին հարցին:
Ըստ ԲՀԿ առաջնորդի՝ այսօր հարցեր կան, որոնք պետք է ուղղենք Ռուսաստանին, բայց նրա դիտարկմամբ՝ կարևոր հարցն այն է, որ պետք է մտածենք՝ ուզում ենք Ռուսաստանը մեր թշնամի՞ն լինի, թե՞ դաշնակիցը:
«Իհարկե, Ռուսաստանը պետք է մեր դաշնակիցը լինի, որ կարողանանք դաշնակցային կապերն ավելի զարգացնենք, ամրապնդենք: Մենք պետք է ներկայացնենք մեր հարցերը, մեր սպասելիքները, որ մեր դաշնակիցը լսի, մեր կողքին պետք է լինի:
Մենք շատ լավ հարաբերություններ պետք է ունենանք և՛ Ռուսաստանի հետ, և՛ Արևմուտքի հետ, մեկը մյուսի հաշվին չպետք է հարաբերությունները վատացնենք:
Մենք ամբողջ աշխարհի հետ իրավունք չունենք թշնամի դառնալու, կարող ենք ճիշտ արտաքին քաղաքականություն վարել և կամուրջ դառնալ»,- շեշտեց ԲՀԿ առաջնորդը՝ կարևորելով, որ ցանկացած հարցում մենք պետք է մեր շահն առաջ տանենք:
Այնուամենայնիվ, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, եթե Հայաստանը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ամրապնդի, երկու երկրներն էլ կարող են շահող դուրս գալ: