Մադոննայի համերգի համար 3,94 միլիոն դոլար Ռիո դե Ժանեյրոյում, Սնուփ Դոգի համար՝ 6 միլիոն դոլար Երևանում
Երեկ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում կայացել է պատմության մեջ Մադոննայի ամենամեծ համերգներից մեկը։
Համերգին մասնակցել է մոտ 1,6 մլն մարդ։
Նահանգի և քաղաքային իշխանությունները նշում են, որ համերգի կազմակերպման համար ծախսել են մոտ 3,94 միլիոն դոլար: Մնացած ծախսերը հոգացել են մասնավոր ներդրողները: Նախնական հաշվարկներով՝ համերգը Ռիո դե Ժանեյրոյի տնտեսության մեջ ներգրավել է մոտ 59,14 միլիոն դոլար:
Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրել էր մոտ 6 մլն դոլար։
Կառավարությունն ակնկալում էր, որ Սնուփ Դոգի համերգին կմասնակցի 20000-25000 մարդ: Ինչպես նաև ակնկալվում էր, որ համերգին մասնակցելու նպատակով արտերկրից Հայաստան կժամանի 5,000 – 6,000 զբոսաշրջիկ։
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տեղեկատվության՝ 1 զբոսաշրջիկը միջինում Հայաստանում ծախսում է 800-1,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Սնուփ-Դոգգի համերգից ստացած շահույթից ՀՀ կառավարությունը ֆինանսական մասնաբաժին չէր ունենալու, սակայն «Դոպինգ Սփեյս» ընկերությունը պարտավոր էր պետական բյուջե վճարել 25 միլիոն դրամ։
Հիշեցնենք, որ Tert.am-ին «Դոպինգ Սփեյս» կազմակերպության համահիմնադիր ղեկավար Հայկ Սիմոնյանը հայտնել էր, որ չի բացառում, որ Սնուփ Դոգի համերգը կարող է տեղի ունենալ մայիս-հունիս ամիսներին, ինչպես ավելի վաղ համերգի անցկացումը հավանական էր համարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։