ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ոլորտային նախարարներին
Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի ոլորտային նախարարների հետ:
Թուրքմենստանի մշակույթի նախարար Աթագելդի Շամուրադովի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության բարելավմանն ուղղված մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Թուրքմենստանում հայկական եկեղեցու և Հայաստանում թուրքմենական էմիրների դամբարանի վերականգնմանը: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ հայկական կողմը պատրաստ է վերականգնող մասնագետների խումբ գործուղել՝ տեղում ուսումնասիրություն կատարելու և աշխատանքների մեկնարկը տալու նպատակով:
Ընդգծելով երկկողմ համագործակցության ներուժը՝ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել նաև Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Թուրքմենստանում համերգների շարք իրականացնելու հնարավորությունը:
Ժաննա Անդրեասյանը հաջորդ հանդիպումը Թուրքմենստանի կրթության նախարար Բայրամգյուլ Օրազդուրդաևայի հետ էր։
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ անդրադառնալով, մասնավորապես, Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը, թվայնացման և նոր տեխնոլոգիաների կիրառմանը, ԲՏՃՄ ուղղությամբ ուսուցման կազմակերպմանը։
Խոսելով Հայաստանի հաջողված փորձի մասին՝ նախարարը ներկայացրել է նաև մարզային դպրոցների 1-4-րդ դասարաններում գործող դպրոցական սննդի ծրագիրը, որը հետաքրքրել է Թուրքմենստանի նախարարին։
Քննարկվել է նաև բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակային ծրագրերի իրականացման հարցը՝ մասնավորապես, կարևորելով երկու երկրների բուհերի միջև համագործակցային ուղիղ կապերի զարգացումը՝ ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ։
Բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է բարձրագույն կրթության և գիտության ինտեգրմանն ուղղված աշխատանքներին՝ ներկայացնելով Ակադեմիական քաղաք ծրագիրը, օտարերկրյա գիտնականների հետ համատեղ գիտական նախագծերում ընդգրկվելու հնարավորությունները։
Թուրքմենստանի նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ նշելով, որ իրենց երկիրը ևս կրթական բարեփոխումների փուլում է գտնվում, և այս առումով նկատելի են զարգացման ընդհանուր միտումներ՝ ԲՏՃՄ ուսուցման, ենթակառուցվածքների բարելավման և այլ ուղղություններով։
Թուրքմենստանի կրթության նախարարը նաև նշել է, որ իրենք հետաքրքրված են կրթության զարգացման Հայաստանի փորձով, մասնավորապես, ոչ ֆորմալ կրթության ասպարեզում ԹՈՒՄՈ կենտրոնների գործունեությամբ, մասնագիտական կրթության ասպարեզում դուալ համակարգի ներդրմամբ։
Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նաև Թուրքմենստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ Սապարով Ալլաբերդիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Հայաստանում մեծապես կարևորվում է սպորտի ոլորտի զարգացումը և առաջարկել է դիտարկել երկու երկրների մարզիկների մասնակցությամբ համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացումը, փորձի փոխանակումը հատկապես ծանրամարտ, ձյուդո և մի շարք այլ մարզաձևերում: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև վերջին տարիներին Հայաստանում իրականացվող սպորտային մի շարք խոշոր միջազգային մրցաշարերին:
Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ նախապատրաստվում է 2027 թվականին հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական մարզամշակութային խաղերը՝ ապահովելով մարզական ենթակառուցվածքների համապատասխանեցումը պահանջվող չափանիշներն։
Թուրքմենստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահը հաջողություն է մաղթել մեր երկրին՝ ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովի անցկացման կազմակերպական հարցերում, որը տեղի է ունենալու ընթացիկ տարվա մայիսի վերջին: