Եթե ընդդիմությունը մանդատները վայր չի դնում, հավասարվում է Նիկոլ Փաշինյանին, ոչնչով չեն տարբերվում նրանից. Գևորգ Պետրոսյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավագիտության դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանը
– Պարո՛ն Պետրոսյան, խորհրդարանական ընդդիմությունից հայտարարում են, որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի համար չկա հանրային անհրաժեշտ ճնշում, այս պարագայում ի՞նչ պետք է անի ընդդիմությունը։
– Ասել եմ ու վերահաստատում եմ իմ կարծիքը, որ այսօր ընդդիմության կարևոր առաքելությունը մանդատները վայր դնելն ու իրենց ցուցակները ամբողջական դատարկելն է, որովհետև ակնհայտ է, որ շատերը կառչած են իրենց մանդատներից, ուղղակի չեն կարողանում մտովի հաշտվել այն գաղափարի հետ, որ իրենք այլևս մանդատ չպետք է ունենան։
Ի՞նչ է նշանակում հանրային ճնշում չկա, երբ 60 հազար մարդ հավաքվում է հրապարակում, դա հանրային ճնշո՞ւմ չէ։ Այս դեպքում ընդդիմությունը պարզապես շառը գցում է ժողովրդի վրա, ասում են՝ 500 հազար մարդ եկեք, նոր մանդատները վայր դնենք, դրա համար անգամ մեկ քաղաքացու պահանջ անհրաժեշտ չէ։
Մանդատները վայր դնելով ու իրենց ցուցակները մաքրելով՝ ստեղծում են խորհրդարանական ճգնաժամ, Սահմանադրության մի քանի հոդվածում ու «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի բազմաթիվ հոդվածներում պարտադիր է խորհրդարանում ընդդիմության առկայությունը։ Ընդդիմության լիակատար հրաժարականը այս իշխանությունից ազատվելու անարյուն ու սահմանադրական ճանապարհն է։ Եթե իրենք չգնան այդ քայլին, ողջամտորեն ձևավորվում է կարծիք, որ իրենցից շատերն արդեն իսկ ամուսնացել են մանդատների հետ ու պատրաստ չեն ամուսնալուծվել։
Մի բան ասեմ ձեզ, ամո՛թ իրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, զոհվածի ծնող Գեղամ Նազարյանը, եթե անամոթաբար ասում է, թե՝ իմ տղան երազումս տեսիլք էր եկել ու ինձ ասաց, որ Նիկոլին ներեմ, ես էլ ներել եմ: Ո՞նց եք պատկերացնում, որ այդ պատգամավորը ստորագրի վարչապետի իմփիչմենթի նախաձեռնության տակ, իհարկե չի ստորագրելու։
Իմփիչմենթի մասին պետք է մոռանալ, որովհետև ընդդիմությունը չի կարողանում ապահովել անհրաժեշտ ձայները, հիմա արդեն մնում է պատգամավորական մանդատները վայր դնելը, որպեսզի առաջանա խորհրդարանական ճգնաժամ, բայց արի ու տես, որ ընդդիմությունը չի պատրաստվում դա անել: Այդ դեպքում թող ոչ մեկին չմեղադրեն, եթե ընդդիմությունը մանդատները վայր չի դնում, ինձ համար նրանք հավասարվում են Նիկոլ Փաշինյանի հետ, ոչնչով չեն տարբերվում նրանից։
– Իսկ հնարավո՞ր է, որ խորհրդարանական ընդդիմությունը չի գնում այդ քայլին, որովհետև չունի նման թույլտվություն իրենց քաղաքական թիմի ղեկավարից։
– Այս դեպքում ուրեմն մենք թիրախավորում ենք նրանց քաղաքական թիմի ղեկավարներին՝ երկրորդ ու երրորդ նախագահներին։ Չգիտեմ, թե իրենք ինչ միջանձնային հարաբերություններ ունեն, բայց, ցավոք սրտի, հասարակության մեջ կարծիք է շրջանառվում, որ կան մարդիկ, որոնք կաշկանդված են ընդդիմադիրների մանդատները վայր դնելու հրահանգ իջեցնելու իրավունքով:
Այստեղ արդեն ողջամտորեն ծագում է շատ ավելի վտանգավոր վարկած, որ նրանք, ովքեր ստացել են մանդատներ, այնպիսի քայլեր են կատարել մանդատը ձեռք բերելու ճանապարհին, որ եթե այդ քայլերը հրապարակվեն, ապա դա մեծ ամոթանք կլինի այդ քաղաքական ուժերի ղեկավարների համար։ Այսինքն՝ ստացվում է, որ երկրորդ ու երրորդ նախագահները կաշկանդվա՞ծ են իրենց իսկ ձևավորած քաղաքական թիմը մաքրազարդելու հարցում, իսկ ի՞նչը կարող է կաշկանդել, այն, որ այդ թիմի ներկայացուցիչները կարող են հրապարակել այն փաստական հանգամանքները, որոնց արդյունքում իրենք դարձել են մանդատակիր, սա՞ է նշանակում։
Եթե դա այդպես է, ապա ինձ համար՝ որպես քաղաքացի, ի՞նչ կապ ունի արդեն՝ Նիկո՞լն է, թե՞ երկրորդ կամ երրորդ նախագահը, այսինքն՝ այս դեպքում նրանք հավասարվում են Նիկոլին, մինչդեռ եթե իրենք կազմել են այդ ցուցակները, պետք է լիակատար հեղինակություն ունենան մաքրել այդ ցուցակները։
Ինչ վերաբերում է այն վարկածին, որ եթե իրենք մանդատները վայր դնեն, ապա խորհրդարան կանցնեն անհրաժեշտ ձայների տոկոսը չապահոված քաղաքական ուժերը, դա շինծու վախ է, որ ուզում են տարածել ժողովրդի մեջ, չկա նման բան։
Գործող օրենսդրության համաձայն՝ այդ իրավակարգավորումը վերաբերում է միայն խորհրդարանի ձևավորման փուլին, սա ուղղակի մանդատից չհրաժարվելու արդարացում է, ինչպես նաև այն, թե մանդատները վայր դնելով՝ ճգնաժամ չի առաջանա։
Ես վերահաստատում եմ իմ տեսակետը․ Հայաստանում իրավիճակի փրկությունը բացառապես խորհրդարանական, հետևաբար, նաև սահմանադրական ճգնաժամ առաջացնելն է։ Իրավական այս անլուրջ քայլերը մաշում են շարժումը, այս նեղ պահին սխալներ թույլ տալու իրավունք չունեն, պետք է ճիշտ կշռադատել, հաշվարկել, վերլուծել Սահմանադրության նորմերը, այլ ոչ թե կանգնել նման անխոհեմ հայտարարություններ հեղինակել, դրանով ընդամենը ժողովրդին պահել փողոցում։ Ես էլ կարող եմ ասել, որ այս ամենը շարժումը դիտավորյալ մաշեցնելու նպատակ ունի անհայտ, գուցեև հայտնի մարդկանց կողմից, որոնց մասին մենք դեռ չգիտենք։
Իրավիճակի անարյուն հանգուցալուծման միակ ճանապարհն այսօր խորհրդարանական ընդդիմության լիակատար հրաժարականն է, որին հաջորդելու է արտահերթ խորհրդարանական ընտրություն: Այսօր գործող վարչապետի վարկանիշը գրեթե զրոյական է, ինքը ինչքան էլ ծեծ ու ջարդ կազմակերպի արտահերթի ժամանակ, չի կարող այս քանակական հարաբերակցությամբ խորհրդարան մտնել։ Հակառակ դեպքում ստացվելու է, որ ընդդիմությունն ու իշխանությունը գործում են միասնական դաշտում, այսինքն՝ բոլորը խաբում են ժողովրդին։
– Պարո՛ն Պետրոսյան, իսկ շարժման մասով ի՞նչ զարգացումներ կլինեն, կկարողանա՞ իր նպատակին հասնել։
– Ես գուշակ Վանգային մարտահրավեր նետելու ցանկություն չունեմ, ես զուտ իրավաբանական վերլուծություն եմ անում, այս պահին ողջունելի է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ընթացող շարժումը, բայց եթե այս նույն մարտավարությամբ ու իրավաբանորեն խոցելի վարքագիծ դրսևորեն, ես կասկածում եմ շարժման հաջողությանը։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Եթե ընդդիմությունը մանդատները վայր չի դնում, հավասարվում է Նիկոլ Փաշինյանին, ոչնչով չեն տարբերվում նրանից. Գևորգ Պետրոսյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.