Կառավարությունը շուրջ 600 միլիոն դրամ հատկացրեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի համար
Կառավարությունը շուրջ 600 միլիոն դրամ հատկացրեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի հայտերի վճարումները ապահովելու համար։ ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նախարարը հիշեցրեց, որ կառավարությունը դեռ 2020 թվականին ընդունել էր երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թվականների ծրագիրը։
«2023 թվականին ծրագիրը ամփոփելուց, գնահատելուց և ծրագրի արդյունավետությունը հասկանալուց հետո որոշում կայացրեցինք, որ ծրագիրը պետք է շարունակենք և 2024 թվականի մարտին երկարաձգեցինք ծրագիրը մինչև 2026 թվականը՝ այն դարձնելով ավելի թիրախային»,- ընդգծեց Մկրտչյանը։
Նա նշեց, որ ծրագրին դիմելիության բարձր մակարդակը վերջին երկու տարիներին պահպանվել է, և գրեթե ամեն եռամսյակին կառավարության որոշումներով գումար է հատկացվում այս ծրագրին։
«Ծրագրի շրջանակում 2023 թվականին աջակցություն է ստացել 827 շահառու և վճարվել է շուրջ 552 միլիոն դրամ, իսկ ընդհանուր առմամբ ծրագրի մեկնարկից մինչև այս պահը շահառու է դարձել շուրջ 10 հազար մարդ և վճարվել է շուրջ 7 միլիարդ դրամ գումար։
2024 թվականից գործող նոր կարգով ստացել ենք 651 դիմում, որոնցից 351-ի հայտը հաստատվել է։ Ներկայում հաստատվել է և վճարման է սպասում շուրջ 290 շահառուի հայտ, որի համար պետք է վճարվի 260 միլիոն դրամ, ևս 300 հայտ գտնվում է մշակման փուլում։ Եվ մենք այս նախագծով առաջարկում ենք հաստատված հայտերի վճարումներն ապահովելու, ինչպես նաև երրորդ եռամսյակում կանխատեսվող հայտերը բավարարելու նպատակով տրամադրել շուրջ 600 միլիոն դրամ»,-եզրափակեց Մկրտչյանը։
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026թթ․ ծրագրերի շրջանակում պետության կողմից աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին։
Առաջին ծրագրով՝ միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։
Երկրորդ ծրագրով՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։
Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։
Միջոցառումներից օգտվելու համար քաղաքացին պետք է դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն՝ բացառությամբ երրորդ ծրագրի, որի դեպքում, եթե տվյալ բանկի հետ պայմանագիր առկա չէ, անհրաժեշտ է ներկայացնել բանկից տեղեկանք և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Այդ դեպքում՝ քաղաքացին դրանք կարող է ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ e-request.am հարթակի միջոցով։