Նավալնիի այրին զբաղեցրել է Գարրի Կասպարովի պաշտոնը
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլիա Նավալնայան, ընտրվել է Human Rights Foundation միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ, հայտարարել է հիմնադրամը։
Այս պաշտոնում Յուլիա Նավալնայան փոխարինել է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ընդդիմադիր «Ազատ Ռուսաստան» ֆորումի համահիմնադիր Գարրի Կասպարովին, որը հիմնադրամը ղեկավարում էր 2012 թվականից։
HRF-ի հայտարարության մեջ ասվում է, որ Նավալնայան, որը «հայտնի է ժողովրդավարական սկզբունքներին և մարդու իրավունքներին իր անսասան հավատարմությամբ», «հարուստ փորձ և նվիրվածություն» կբերի կազմակերպությանը:
«Որպես մեկը, ով անձամբ ականատես է եղել բռնապետության սպառնալիքին, ինձ համար մեծ պատիվ է ստանձնել Մարդու իրավունքների հիմնադրամի նախագահի պաշտոնը: HRF-ի առաքելությունն ինձ հոգեհարազատ է, և ես անհամբերությամբ սպասում եմ, որ օգնեմ դրա իրականացմանը», - մեկնաբանել է Նավալնայան:
Մարդու իրավունքների հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2005 թվականին, կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում: Հիմնադրամն իր գլխավոր խնդիրն է համարում բռնապետության դեմ պայքարն ամբողջ աշխարհում։