Անվտանգության ոլորտում արդեն դիվերսիֆիկացիա ունենք, բայց տնտեսության մեջ անելիքները շատ են. Արմեն Գրիգորյան
Այժմ շատ մեծ քննադատություն կա ազգային պատմությունների վերաբերյալ, որովհետև շատ հաճախ ազգերն ու պետությունները կենտրոնանում են իրենց պատմության վրա, իսկ պատմության նարատիվն այնպիսին է, որ այդ ամեն ինչն իրենց շուրջ է եղել։
Այս մասին «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորություններ» խորագրով քննարկման ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Կարծում են՝ աշխարհի կենտրոնն իրենք են եղել, իրենց շուրջ է պտտվել ամեն ինչ կամ միայն իրենց են վերաբերել այդ հարցերը։ Սա նաև նկարագրում է մեր խնդիրները, որովհետև մենք էլ մեր պատմության մեջ, ինչպես աշխարհի շատ ազգեր ու պետություններ, շատ ենք կենտրոնանում մեր մտածողության ու վարքագծի վրա, մինչդեռ մեր վարքագիծն առնվազն ազդված է տարածաշրջանային գործընթացներով, բայց նաև շատ դեպքերում գլոբալ գործընթացներով, սա շատ կարևոր է»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ միանշանակ է՝ մեր դիմակայունությունը գոյություն ունեցող սպառնալիքների նկատմամբ է։
«Հայաստանն ունի բավարար կարողություն հնարավոր ապագա սպառնալիքներին դիմակայելու համար։ Այստեղ բազմաթիվ գործիքներ կան հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համար։ Դիմակայունության համար շատ կարևոր է դիվերսիֆիկացիան, այսինքն՝ կախվածությունը։ Մենք հաճախ քննարկումներում ասում ենք՝ մեկից կախվածությունը փոխարինենք շատերից կախվածությամբ, սա շատ կարևոր է, պետք է փոխկապվածություն լինի։ Փոխկախվածությունը դա կայունության աղբյուր է։
Այսինքն, դիվերսիֆիկացիան մեկ կախվածությունը շատերից կախվածության փոխարինելն է, որ մեկը մոնոպոլիա չունենա։ Անվտանգության ոլորտում արդեն դիվերսիֆիկացիա ունենք, տնտեսության ոլորտում շատ աշխատանքներ ունենք կատարելու, որ կարողանանք դիվերսիֆիկացնենք, և այստեղ մենք ԵՄ անդամ երկրներին դիտարկում ենք որպես կարևոր գործընկերներ»,- հայտարարեց ԱԽՔ-ը։