Երևան-Երասխ ճանապարհին անհայտ մակնիշի մեքենան բախվել է «Nissan»-ին և դեպքի վայրից դիմել փախուստի. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արաքսավան գյուղի վարչական տարածքում՝ «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով «Nissan»-ը բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշին, որոշ հատված կոտրել և բախվել բեռնատար «Գազել»-ին։
Իսկ «Nissan»-ին հարվածած ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է փախուստի։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել 1 քաղաքացու, ապա տեղափոխել հիվանդանոց, իսկ 1 հոգու էլ տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ «Nissan»-ին հարվածած, դեպքի վայրից փախած ավտոմեքենայի մակնիշը և վարորդի ինքնությունը պարզելու և ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։