«Ակբա բանկը» անհարմարություններ է ստեղծում հաճախորդների համար՝ չաշխատող բանկոմատների ու անհասանելի ծառայությունների պատճառով. ահազանգ՝ բանկի հաճախորդից
«Ակբա բանկը» անհարմարություններ է ստեղծում հաճախորդների համար՝ չաշխատող բանկոմատների ու անհասանելի ծառայությունների պատճառով:
Ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Հովհաննես Վարդանյանը․
«Ծանոթացեք՝ Acba bank OJSC -ն է, Հայաստանի ամենախայտառակ բանկը։
- 0 սպասարկում,
- 0 որակ` չաշխատող բանկոմատներ, անհասանելի ծառայություններ, մի խոսքով` բոլոր անհարմարությունները ստեղծված են հաճախորդների համար։
Ընդամենը մեկ շաբաթվա հաճախորդ եմ, ոչ մի գործարք չհասցրի իրականացնել ու հաշված ժամեր հետո բանկից կհեռացնեմ իմ բոլոր հաշիվները»,- գրել է Վարդանյանը:
Tert.am-ի հետ զրույցում լրագրողը նշեց, որ արդեն մեկ շաբաթ է՝ չի կարողանում ակտիվացնել բանկի կողմից տրամադրված քարտը, այն դեպքում, երբ դա ընդամենը մի քանի րոպե տևող գործողություն է:
«Քանի որ միջազգային գնումներ հաճախ եմ կատարում, որոշեցի Ակբայից digital քարտ պատվիրել: Ֆեյսբուքում կարդացի, որ մինչև հունիսի 30-ը բոլոր digital քարտերի համար ակցիա ունեն, մինչև հունիսի 30-ը պատվիրելու դեպքում այդ քարտերը անվճար էին տրամադրվում և որոշեցի պատվիրել երկու քարտ՝ դոլարով և եվրոյով, ինձ, սակայն, առաջարկեցին պատվիրել դրամով և եվրոյով, իսկ դոլարով պատվիրել պլաստիկ քարտ:
Այդ պլաստիկ քարտը արդեն 5 օր է՝ ես չեմ կարողանում ակտիվացնել, բանկոմատները չեն աշխատում, 4 օր շարունակ՝ հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ, կիրակի, մոտ 4 բանկոմատ չի աշխատել: Երբ ստացվեց, մոտ 20 րոպեից մինչև կես ժամ ես սպասում էի ակտիվացման կոդին, կոդը եկավ կես ժամ հետո այն դեպքում, երբ իմ մյուս քարտերի ակտիվացման կոդը ստացել եմ վայրկյանների ընթացքում:
Արդյունքում ես արդեն մեկ շաբաթվա քարտապան եմ ու չեմ ակտիվացրել իմ դոլարային քարտը, որովհետև, երբ փորձում եմ ակտիվացնել, իմ հետևում 5 հոգանոց հերթ է գոյանում ու ես ինձ անհարմար եմ զգում 30 րոպե սպասեցնել այդ մարդկանց քարտս ակտիվացնելու համար»,- ասաց նա:
Վարդանյանը նշեց, որ փորձել է մի քանի բանկոմատում իրականացնել ակտիվացումը, բոլորի դեպքում եղել է նույն խնդիրը:
«3 օր շարունակ՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի, զանգել եմ զանգերի սպասարկման կենտրոն, չեն պատասխանել ու ոչ մի հետադարձ կապ չի եղել, հնարավոր բոլոր ձևերով փորձել եմ կապվել: Միայն երեկ է հաջողվել կապ հաստատել, ինձ ասացին, որ իրենց մոտ ոչ մի խնդիր չկա, գուցե կապի խնդիր կա, ինտերնետն է վատը, այսօր էլ վայբերով հետադարձ կապ պահանջեցի, մեկ ժամ հետո զանգեցին ասացին, որ հեռախոսահամար կտան, փորձեմ նորից մոտենալ բանկոմատին, կփորձեն խնդիրը լուծել, ես էլ ասացի, որ չեմ ցանկանում, գոհ ու շնորհակալ եմ իրենց ծառայություններից:
Բացի այդ՝ պարզվեց, որ ընդամենը 1 digital քարտ կարող եմ պատվիրել, որի մասին չէին գրել հրապարակման մեջ, այսինքն՝ չէին նշել, որ սահմանափակում կա, իսկ ես արդեն երկու քարտ էի պատվիրել՝ դրամով ու եվրոյով, արդյունքում՝ եվրոյով քարտը չի ակտիվացել, ես էլ պատասխանեցի, որ չեղյալ համարեն գործարքը:
Ֆուչիկի իրենց մասնաճյուղում ինձ առաջարկեցին պատվիրել Master card visa անվճար քարտ, աշխատակիցը ինձ օգնեց, քարտը պատվիրեցինք, հետո զանգեց, ասաց, որ սխալ ինֆորմացիա է տվել, քարտը անվճար չի լինելու, որովհետև դա վերաբերել է մինչև հուլիսի 3-ը պատվիրվող քարտերին, իսկ մենք պատվիրել էինք հուլիսի 5-ին, ես էլ ասացի, որ չեղյալ համարեն քարտը, որովհետև չեմ ուզում վճարովի տարբերակը: Այսօր ինձ նամակ եկավ, որ այդ քարտը պատրաստ է: Հիմա չեմ գնալու քարտը վերցնեմ, փոխարենը գնալու եմ բոլոր հաշիվներս հանեմ այդ բանկից, այդքան բան»,- ասաց Հովհաննես Վարդանյանը:
Tert.am-ը թեմայի շուրջ պարզաբանումների համար դիմել է «Ակբա բանկ»-ին, սպասում ենք արձագանքի։