Ով դեմ է եղել Վեդիում գործարանի բացմանը, նրանց հատուկ թույլ չեն տվել, որ մասնակցեն լսումներին. Այգեզարդ գյուղի նախաձեռնող խմբի համակարգող
«Մեդիա կենտրոն»-ում տեղի է ունեցել քննարկում՝ «Չհանրային լսումներ Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրում» թեմայով։
Քննարկմանը մասնակցում էին «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի նախագահ Մհեր Կարագյոզյանը, Գինեվետ բնակավայրի բնակիչ Վարդուհի Բարսեղյանը և Այգեզարդ գյուղի նախաձեռնող խմբի համակարգող Արփինե Խաչատրյանը:
Բանախոսների խոսքով՝ Վեդի խոշորացված համայնքի Գինեվետ բնակավայրում հուլիսի 10-ին Վեդիում ցեմենտի գործարանի կառուցման աղմկահարույց նախագծի շուրջ 4-րդ հանրային լսումներն իրականացնելու համար ՏԻՄ-ը չի ապահովել բավարար պայմաններ՝ բոլոր շահագրգիռ կողմերի պատշաճ ներգրավման համար: Հանրային լսումները հսկել են ոստիկանները՝ համայնքի ու հարևան բնակավայրերի բնակիչներին թույլ չտալով մասնակցել դրանց։ Պատճառաբանել են, թե դահլիճում տեղ չկա։ Գինեվետի գյուղապետարանում անցկացվող հանրային լսումներին համայքի բնակիչներից մասնակցել են միայն համայնքապետարանի աշխատակիցները։
«Լսել էինք, որ Վեդիում այդպիսի նախագիծ է քննարկվում, բայց մտածում էինք, թե բամբասանքների մակարդակի լուրեր են: Պարզվեց, որ նախագիծը պատրաստվում են իրականացնել հենց Այգեզարդ գյուղի հարևանությամբ, ինչի նկատմամբ մենք չէինք կարող անտարբեր մնալ: Արտաշատի համայնքապետարանից լսումներից մեկ օր առաջ նամակ է եկել, որ որպես շահագրգիռ կողմ մենք կարող ենք մասնակցել լսումներին ու դիրքորոշում հայտնել: Մենք բավականին լուրջ պատարստվել էիք լսումներին: Լսումների օրը հասանք տեղ, մտա դահլիճ, որտեղ գրեթե մարդ չկար, ապա դուրս եկա հարցազրույցի համար, ընդամենը 5 րոպե հետո ոստիկանական պատը փակեց դահլիճի դուռը ու ասացին, որ տեղ չկա: Դա բացահայտ խտրականություն էր: Իրենք փաստորեն մանրամասն ուսումնասիրել էին՝ ով է դեմ, ով է կողմ ու ըստ այդմ որոշել էին՝ ով մտնի լսումներին, ով ոչ»,- ասաց Այգեզարդ գյուղի նախաձեռնող խմբի համակարգող Արփինե Խաչատրյան: