Դատարանը կարճել է Ալեք Բոլդուինի դեմ չկանխամտածված սպանության գործը. վճռի հրապարակումից հետո դերասանը չի կարողացել զսպել արցունքները (տեսանյութ)
ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի դատարանը կարճել է հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինի դեմ գործը և ազատել է դերասանին չկանխամտածված սպանության մեղադրանքներից։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, դատարանը բավարարել է Բոլդուինի փաստաբանների՝ գործը կարճելու միջնորդությունը։
Դատավճռի հրապարակումից հետո Բոլդուինը չի կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել դատարանի դահլիճում։ Համապատասխան տեսանյութը, որը տարածել են ամերիկյան լրատվամիջոցները, կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։
Փաստաբանները պահանջում էին կարճել գործը՝ նշելով, որ դատախազությունը թաքցրել է միջադեպի հետ կապված զենքի մասին տվյալները։ Դատարանի որոշմամբ՝ դատախազությունը չի կարողանա նույն ատյանին կրկին դիմել միևնույն մեղադրանքով։
Դատախազների պնդմամբ` Բոլդուինն անպատասխանատու պահվածք է ցուցաբերել նկարահանման հրապարակում հրազենի հետ վարվելիս և անփութություն է թույլ տվել զենքի անվտանգությունը ստուգելիս։
Դերասանի փաստաբաններն այս փաստարկները մերժել են՝ հայտարարելով, որ Բոլդուինին փոխանցված ատրճանակը, նկարահանումների մասնակիցների գնահատմամբ, լիովին անվտանգ է եղել։ Բացի այդ, նկարահանման հրապարակում հրազենի համար պատասխանատու երկու անձինք ավելի վաղ ընդունել են իրենց մեղքը:
Դատաքննության ընթացքում Բոլդուինը պնդել է, որ չի սեղմել ատրճանակի ձգանը, այլ միայն քաշել է հրահանը, ինչը կարող էր պատահաբար կրակոց հրահրել։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Rust ֆիլմի նկարահարնման ժամանակ Բոլդուինը պատահաբար կրակել ու սպանել էր կինոօպերատոր Գալինա Հաթչինսին։ Դերասանը կրակել է իր ձեռքի ատրճանակից, որում մարտական փամփուշտ է եղել: Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել նաև ֆիլմի ռեժիսորը: