Անտառում ուտել-խմելուց հետո պետք է տարածքը խոտազրկել և վերջում լավ ջրել, որ հրդեհ չբռնկվի. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն
Հրդեհների հիմնական պատճառը, եթե վերցնենք 2022-2023 թվականները, հիմնականում մարդածին գործոններն են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը:
«Հրդեհները հիմնականում առաջանում են խոզանների այրումից, որոշակի հատվածներում աղբի այրումից, որը հետագայում դառնում է անկառավարելի և ստանում մեծ մասշտաբներ: Անտառն ունի իր կանոնները, և պետք է ենթարկվել այդ կանոններին: Եթե մարդիկ ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել վայրի անտառում, պետք է զերծ մնան խարույկ վառելուց ու նման բաներ անելուց: Քանի որ մենք հայ ենք, սիրում ենք ուտել, խմել, քեֆ անել, գոնե նմանատիպ միջոցառումների կազմակերպման դեպքում պետք է նախ վառվող տարածքն անպայման խոտազրկել ամբողջությամբ, իսկ վերջում մեծ քանակի ջրով կրակը հանգցնել: Բայց սա ամենավերջին տարբերակն է․ նման քայլերը մեր կողմից չեն խրախուսվում, որովհետև մարդու կամքից անկախ, քամու մեկ թեթև ուժով կարող է կրակը մեծ տարածում ստանալ և օրեր կպահանջվեն հրդեհը մարելու համար»,- ընդգծեց ՊՈԱԿ-ի տնօրենը: