Չեմ կարծում, որ սա իրական մահափորձ էր, բեմադրություն էր, որի մասին Թրամփը չգիտեր. Դավիթ Ստեփանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը
– Պարո՛ն Ստեփանյան, հուլիսի 13-ին Փենսիլվանիայում տեղի է ունեցել մահափորձ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ: Ըստ միջազգային մամուլի հրապարակումների, կրակողը սպանված է, ենթադրյալ հանցագործը 20 տարեկան է: Ի՞նչ ազդեցություն է ունենալու այս դեպքը նախընտրական քարոզարշավի վրա Ամերիկայում։
– Թրամփի համար, միանշանակ, դրական, որովհետև ընտրազանգվածը նման բաներ շատ է սիրում։ Թրամփը հանդես է գալու որպես այդ չստացված սպանության զոհ, այնպես որ, նրա շանսերն աճում են որպես թեկնածու։ Ես կարծում եմ, Բայդենն ու Դեմոկրատները մեծ աշխատանք պետք է կատարեն, դեռ ժամանակ ունեն, հուրախություն իրենց, որպեսզի փորձեն ինչ-որ կերպ զրոյացնել այս չստացված մահափորձի հետևանքները նախընտրական քարոզարշավի վրա։
-Կարծում եք՝ սա իսկապես չստացվա՞ծ սպանություն էր, թե՞ ոչ։
– Իրականում ոչ մեկս էլ երբեք չենք իմանա, թե ինչ է տեղի ունեցել, ես ձեզ վստահ եմ ասում։ Կարող ենք վարկածներ առաջ քաշել, փորձել տրամաբանել․ ես չեմ կարծում, որ այդ չստացված սպանության պատվիրատուն հենց Թրամփն էր, որ սա ինչ-որ շոու էր, որովհետև, վերջիվերջո, կրակոց է եղել, ու վստահել իր կյանքը 130 մետրից կրակող դիպուկահարին, որը կարող էր և մի փոքր շեղում տալ, ու Թրամփը կարող էր մահանալ, կարծում եմ, որ Թրամփն այդպիսի բան չէր անի։ Հասկանում եմ, որ իշխանությունը քաղցր բան է, բայց, դե, կյանքն ավելի քաղցր է։
Չեմ էլ կարծում, որ սա եղել է իրական մահափորձ, սա եղել է բեմադրություն, բայց դրա մասին Թրամփը չգիտեր, նման տպավորություն է ստեղծվում։ Ինչ-որ ուժեր շահագրգռված էին նրանում, որ այդ շոուն լինի, որ Թրամփը թեթև վիրավորվի, ու նրա շանսերն աճեն։ Կարելի է ենթադրել, օրինակ՝ որ ռուսական հատուկ ծառայությունները կարող էին դա բեմադրել կամ ինչ-որ ուժեր հենց ԱՄՆ-ի ներսում, որոնց ձեռնտու է Թրամփի հաղթանակը՝ ինչ-ինչ շահերից ելնելով։ Իմ վարկածը սա է։
– Կարծում եք, որ Ռուսաստանը շահագրգռվա՞ծ է, որ Թրամփը հաղթի այդ ընտրությունում, պարո՛ն Ստեփանյան։
– Իհարկե, ոչ թեշահագրգռված է, այլ Ռուսաստանում անհամբեր սպասում են Թրամփի հաղթանակին, որովհետև նրա հետ կարող են ինչ-որ եզրեր գտնել ու բանակցել, ինչպես դա եղել է այն ժամանակ, այն դեպքում, երբ դա Բայդենի հետ չի ստացվում։ Բայդենը սկզբունքային դիրքորոշում է արտահայտել Ուկրաինայի հարցում։
– Իսկ Հայաստանի համար ո՞ր թեկնածուի հաղթանակն է շահավետ լինելու։
– Դա չի էլ քննարկվում, իհարկե Ջո Բայդենի։ Ուղղակի տեսեք հարաբերությունների մակարդակը, որն ունենք Դեմոկրատների ժամանակ, արդեն չորրորդ խոշոր պետական պաշտոնյան է այցելել Երևան, լուրջ բանակցություններ են ընթանում։ Ես ուղղակի չգիտեմ, թե այդ ամենն առարկայական ինչ տեսք է ստանալու, որովհետև վերջնական տեղեկատվություն չկա, բայց այն, որ ԱՄՆ-ն մեծ շահագրգռվածություն ունի Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու, դա ակնհայտ է։
Ես շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ նույն շահագրգռվածությունը կցուցաբերեն նաև Հանրապետականները, մանավանդ եթե նախագահը լինի Թրամփը։ Այստեղ մենք շատ մեծ աշխատանք ունենք կատարելու, որ գոնե մինչև նոյեմբեր այս ամենը իմպլեմենտացնենք ինչ-որ պայմանագրի տեսքով, որը թույլ կտա մեզ, նույնիսկ եթե Հանրապետականները հաղթեն, փորձենք այդ կոնկրետ պայմանավորվածությունները ռեալիզացնել հողի վրա՝ Հայաստանի տարածքում։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Չեմ կարծում, որ սա իրական մահափորձ էր, բեմադրություն էր, որի մասին Թրամփը չգիտեր. Դավիթ Ստեփանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.