Տպավորություն է, որ «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչման համար աշխարհաքաղաքական կենտրոններից կա կոնսենսուս. Կարապետյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը
– Պարո՛ն Կարապետյան, SNN գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, ի թիվս այլ հայտարարությունների, ասել է նաև, որ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս Թուրքիայում։ Ձեր գնահատմամբ՝ այդ մոտ ժամանակները ե՞րբ է։
– Նախ ուզում եմ շեշտել, որ տպավորություն է ստեղծվում, թե մենք նմանատիպ նախագծին մասնակցում ենք հեռավար, որի մասին ինֆորմացիա ստանում ենք հարևան երկրների ներկայացուցիչներից, որոնք այդ ձևաչափի անդամ են։
Միջազգային մամուլում, այո՛, դեռևս չկա պաշտոնապես հայտարարություն այն մասին, թե կոնկրետ երբ է տեղի ունենալու այդ հանդիպումը, իսկ վայրի մասին եթե դեսպանը խոսել է, ապա նշանակում է, որ ներքին պայմանավորվածություն այդուհանդերձ կա։
Այստեղ տպավորություն է նաև, որ Վրաստանը, որն ընդհանրապես ձեռնպահ է մնացել այս ձևաչափից ու իրեն ներգրավված չի տեսնում դրա կազմում, մինչ օրս այդ ձևաչափը դեռևս դիտարկվում է «3+3», այսինքն՝ տպավորություն է, թե Վրաստանի կարծիքն առհասարակ հարցնող չկա։
Հայաստանն էլ կամուկաց վիճակում է, որովհետև հստակ պետական դիրքորոշում դեռևս չի հնչել այդ մասին, ընդամենը բանավոր ասվել է, որ դեմ չենք նման մեգապրոյեկտին, որովհետև ներկայացվել է նաև որպես տնտեսական բաղադրիչ, չենք կարող ասել, սակայն, որ այն զուրկ է քաղաքական բաղադրիչից։
Այս պարագայում պետք է հասկանալ, որ սա առաջնահերթ Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի նախաձեռնությունն ու ցանկությունն է, որպեսզի այս ձևաչափը կյանքի կոչվի: Նաև տպավորություն է, որ նրանք այնքան ինքնավստահ են, որ դիտարկում են ոչ թե «3+2» կամ «3+1», այլ հենց ՝ «3+3»։ Հիմա պետք է հասկանալ, թե ո՛րն է պատճառը, որ կրկին փորձում են ակտիվություն մտցնել այս գործընթացում, որովհետև անցած տարի ավելի շատ էր խոսակցությունն այս մասով, բայց այն այդպես էլ կյանքի չկոչվեց։
– Արդյունավետության տեսանկյունից այս ձևաչափը որքանո՞վ կարող է ձեռնտու լինել Հայաստանի համար, եթե նկատի ունենանք աշխարհաքաղաքական այն զարգացումները, որոնք հիմա կան։
– Նախ պետք է հասկանանք, թե պետական, ազգային շահն ինչ է ասում։ Իրանի դեսպանի խոսքի մեջ նկատելի էր դիվանագիտական այն բառամթերքը, որով հստակ ասում է, որ մեր ունեցած 46 կմ սահմանն անձեռնմխելի, ապահով սահման է, որն իրենց կարմիր գիծն է։ Ըստ այսմ՝ տպավորություն է ստեղծվում, որ այս համատեքստում Իրանը ևս անվտանգության որոշակի երաշխիքներ է տալիս Հայաստանին, ու միաժամանակ ընկալում կա, որ, այդուհանդերձ, եթե մենք չհամաձայնենք նման նախագծին՝ ավելի խնդիրներով ու արհավիրքներով իրավիճակ կստեղծվի մեզ համար։
Եթե տարածաշրջանի երկու հեգեմոն պետությունների, այդ թվում նաև՝ Ռուսաստանի գերնպատակն ու առաջնահերթությունն է այդ մեգապրոյեկտի իրականացումը, ես ցավով եմ սա նշում, անգամ Վրաստանին, էլ չասեմ՝ Հայաստանին, հնարավոր է փափուկ բարձ դնելով գլխների տակ, ներգրավեն այդ ձևաչափում, մանավանդ որ այս համատեքստում խոսքը տարածաշրջանի բոլոր ճանապարհների ապաշրջափակման մասին է: Ես կարծում եմ, որ «3+3»-ի տակ հիմա ուղղակի ուզում են հրամցնել միջին միջանցքի, այսինքն՝ «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչումը։
Կարծում եմ՝ այս պլանավորումը դրա համար է նախատեսված, որպեսզի դա այլ համատեքստում, այլ հարթակով ներկայացվի, այլ ոչ թե դիտարկել տալ, որ դա ընդամենը թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկությունն է, այլ դա բխում է ձևաչափի տրամաբանությունից ու պետությունների շահերից։ Կարծում եմ, որ սա աշխարհաքաղաքական կենտրոնների համատեղ կոնսենսուսի արդյունք է, ու դա Հայաստանի իշխանությունը վաղ թե ուշ սեփական ժողովրդին ներկայացնելու է որպես «3+3»-ի պարտադիր պայմաններից մեկը, այլ ոչ թե՝ ադրբեջանական պահանջ։
– Պարո՛ն Կարապետյան, իսկ դա լինելու է արտատարածքայի՞ն միջանցք։
– Կարծում եմ, որ, այդուհանդերձ, սուվերենության սկզբունքը կպահպանվի՝ յուրաքանչյուր երկրով անցնող միջանցքը ենթակա կլինի տվյալ երկրի օրենսդրությանը, բայց գոյություն ունի այսպես կոչված հեշտացված ռեժիմ, տարանցման գոտի, այսինքն՝ այս պարագայում ավելի արագ, ավելի դյուրացված տարբերակով: Իհարկե սա շատ ավելի լուրջ ռիսկեր է պարունակում, Հայաստանի տարածքը կդառնա անցումային՝ տրանզիտային գոտի։
– Այնուամենայնիվ, կարծում եք, որ արտատարածքային տրամաբանությամբ չի՞ լինի այդ ճանապարհը։
– Արտատարածքային կլինի այն պարագայում, երբ մենք աշխարհաքաղաքական կենտրոնների հետ ընդհանուր լեզու չգտնենք: Ինչու եմ սա ասում, որովհետև ինձ մոտ տպավորություն է, որ «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչման համար աշխարհաքաղաքական կենտրոններից կա կոնսենսուս։
Արտատարածքայինը կլինի վերջին տարբերակը, եթե Հայաստանը ընդդիմանա ու COP29 գագաթնաժողովից հետո, ինչպես սեփական ժողովրդին պաշտոնապես հայտարարեց ՀՀ ԱԳՆ-ն, հավանական ռազմական էքսպանսիա կլինի տվյալ դեպքում Սյունիքի մարզի հանդեպ, այսինքն՝ ռազմական էքսպանսիայի միջոցով կլինի օկուպացիա, որի հետևանքով էլ կյանքի կկոչվի «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը։
Ու Իրանը հիմա փորձում է նման ձևաչափը կյանքի կոչելով՝ անվտանգության ևս մեկ երաշխիք ապահովել, որ Ադրբեջանը չգնա նման քայլի։ Բայց այն, որ այդ միջանցքը մի օր պետք է բացվի, օրեցօր լրջանում է, ու հավանականությունը մեծանում է։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Տպավորություն է, որ «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչման համար աշխարհաքաղաքական կենտրոններից կա կոնսենսուս. Կարապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.