Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը
Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ, Վրաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գիա Վոլսկին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությունը՝ ի դեմս Թենգիզ Շարմանաշվիլիի, Անտոն Օբոլաշվիլիի և Սամվել Մանուկյանի, հայ գործընկերների հետ այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի և Ախալքալաքի ու Կումուրդոյի թեմի տաճար: Թեմի միտրոպոլիտ Տեր Նիկոլոզը հյուրերի հետ շրջայց է կատարել թեմական թանգարանում և նրանց է ներկայացրել թանգարանի ստեղծման պատմությունը։
«Խորհրդարանի բարեկամական խմբի անդամների, ինչպես նաև Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի տեղական մարմնի և Սակրեբուլոյի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներում ընդգծվել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուղղություններով միմյանց աջակցելը: Մենք ուրախ ենք, որ Վրաստանի կառավարությունը պատշաճ ուշադրություն է դարձնում տարածաշրջանի հայ բնակչությանը, և մենք մեր կողմից աջակցում ենք Վրաստանի կառավարությանը՝ նախաձեռնած բոլոր գործերում»,- ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Հաղորդվում է, որ Սամցխե-Ջավախք կատարած աշխատանքային այցի շրջանակներում բարեկամության խմբի անդամները հանդիպել են Ախալցխայի բնակչության և տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել են վրաց-հայկական համագործակցության ներկա ուղղությունները և կապերի ապագա խորացման կարևորությունը:
«Ախալցխայում տեղի է ունեցել Վրաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահների հանդիպումը` Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների պատգամավորների մասնակցությամբ։ Հանդիպել ենք նաև տարածաշրջանի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ Կարծում եմ, որ պետք է հատուկ ընդգծել մեկ հանգամանք՝ դա վրացական կողմի շահագրգռվածությունն է Հայաստանի կայունության նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի խորը շահագրգռվածությունն ու պրագմատիկ մոտեցումն այն կայունության նկատմամբ, որը մեր երկիրը պահպանել է այս բարդ իրավիճակում։ Հարևանները պետք է լավ իմանան միմյանց խնդիրները։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի խնդրի կարգավորմանը, որը շատ մոտ է վերջնական հանգուցալուծմանը։ Հանդիպմանը քննարկել ենք տարբեր հարցեր, այդ թվում՝ խորհրդարանական համագործակցությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները»,- իր խոսքում նշել է Գեորգի Վոլսկին։
Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը նաև հավելել է, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում կայացած հանդիպումներին մասնակցել են տարածաշրջանի պետական հանձնակատար Բեսիկ Ամիրանաշվիլին, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն և Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:
Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Շիրակ Թորոսյանը, Վահագն Ալեքսանյանը, ինչպես նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։