Օկուպացված Արցախում Ադրբեջանը քանդել է «Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողը
Monument Watch-ը ահազանգում է․
Արցախի և Հայաստանի հանրապետությունների սահմանագլխին գտնվող «Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողի կարգավիճակի վերաբերյալ, ինչպես տարբեր լրատվականներ ու անհատներ, այնպես էլ Monumentwatch նախաձեռնությունը ահազանգել են դեռևս 2023 թվականի ապրիլին (https://monumentwatch.org/hy/alerts/%d5%bd%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d6%84%d5%ab-%d6%87-%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%ab-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ac%d5%ad%d5%ab-%d5%b4%d5%a5%d5%ae-%d6%87-%d6%83/)։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 29-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նախկին երթուղու փակումից և արդեն ապրիլի սկզբին՝ նոր երթուղու արևմտյան հատվածի (Կոռնիձոր և Տեղ գյուղերով անցնող) գործարկումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ նաև Սյունիքի և Արցախի սահմանագլխին կառուցված «Մեծ եւ Փոքր Սյունիքներ» կամ «Մայր Հայրենիք» կոչվող հուշակոթողը:
Հուշարձանը կառուցվել է 2004 թվականին Մեծ և Փոքր Սյունիքների միասնության գաղափարով։ Հուշարձանի ճրտարապետը Սևադա Զաքարյանն է, կառուցվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանի ֆինանսավորմամբ։ 2007 թվականին հուշարձանի տարածքում կանգնեցվել է նաև խաչքար։
Սուղ ժամկետներում հուշահամալիրի տեղափոխության անհնարինությունը հաշվի առնելով, հայկական կողմը 2023 թվականի ապրիլի 3-ին տեղափոխեց միայն խաչքարը (https://syuniacyerkir.am/syuniqi-e%D6%82-artsakhi-sahmanaglkhin-kangnetsvats-mets-e%D6%82-poqr-syuniqner-hushakotokhy-nuynpes-okhbergakan-chakatagir-unetsav), և սա կարելի է համարել եզակի բացառություն, երբ հուշարձանը հանվում է իր պատմական լանդշաֆտից, կտրվում իր ամբողջականությունից՝ հանուն փրկության։
Ինչպես և եզրակացվում էր, Գուգլի արբանյակային քարտեզի 2024 թվականի ապրիլ ամսի թարմացումով արդեն երևում է, որ հուշարձանը հողին է հավասարեցվել։
Մեր արձագանքը
1954 թվականի Հաագայի կոնվենցիան, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին հոդվածով սահմանում է․ «Մշակութային արժեքը անկախ ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ դրանց կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։
«Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո պետք է պաշտպանված լիներ վերոնշյալ կոնվենցիայի Առաջին Արձանագրությամբ, որը նախատեսված է գրավյալ (օկուպացված, յուրացված) տարածքներում մշակութային կամ հոգևոր արժեքների պաշտպանության համար։ Արձանագրության 1-ին կետը նշում է, որ «Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է կանխել զինված հակամարտության ժամանակ իր կողմից գրավված տարածքից մշակութային արժեքների վնասը, արտահանումը, կամ փոխանցումը երրորդ երկիր» (http://portal.unesco.org/en/ev.phpURL_ID=15391&URL_DO=DO_TOPIC&URL_SECTION=201.html)։ Նկատենք, որ Ադրբեջանը, 1993 թվականի սեպտեմբերի 20-ից ընդունել է այս արձանագրությունը և պարտավորվել հետևել դրույթներին (https://www.unesco.org/en/countries/az/conventions):
Այնուամենայնիվ, ինչպես և ցույց են տալիս այս և դրան նախորդած բազմաթիվ դեպքերը, Ադրբեջանն իրականացնում է մշակութային ցեղասպանություն՝ ոտնահարելով միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարատավորությունները։