Պատերազմի հետքը. «Կա արտագաղթի խնդիր, եթե ձեռնարկվեն քայլեր, պատկերը կփոխվի». Արտագաղթը և անվտանգության փնտրտուքը
Պատերազմն ու անվտանգային խնդիրներն այն գործոններից են, որ մեծ ազդեցություն են ունենում արտագաղթի ծավալների վրա: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ աշխարհում ավելի քան 35 մլն փախստական կա, որոնք լքում են իրենց ծագման երկիրը խոշտանգումների, տեղահանության ու հակամարտությունների պատճառով։
Հայաստանը, լինելով պատերազմող երկիր և ունենալով անվտանգության խնդիրներ, արտագաղթողների թվաքանակում ևս փոփոխություն է արձանագրել վերջին տարիներին։ Այս մասին խոսել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բադալյանը:
Ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության վերջին տվյալների՝ ամբողջ աշխարհում մոտ 281 մլն միգրանտ կա։ Մարդիկ ավելի շատ արտագաղթում են ավելի լավ աշխատանքի, սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու նպատակով։ Արտագաղթի հաջորդ մեծ պատճառը պատերազմներն ու հակամարտություններն են։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը վերջերս հետազոտություն է անցկացրել Հայաստանում 2018-2021 թթ․ արտագաղթի և միգրացիայի պատկերը հասկանալու համար։
Հետազոտության արդյունքներով երկրից մեկնելու մտադրություն ունեցող մարդկանց գերակշիռ մասը որպես պատճառ նշել է ավելի բարձր վարձատրվող աշխատանք գտնելն ու սոցիալ-տնտեսական պայմանները բարելավելը։ Տաթևիկ Բադալյանը նաև շեշտում է, որ սա եղել է մտադրություն, և դժվար է ասել, թե վերջնարդյունքում նրանցից քանիսն են լքել երկիրը։
«Երկրորդ տեղում, ըստ պատճառի, անվտանգության հարցերն էին։ Եթե 2019-ին երկրորդ տեղում գործազրկությունն էր, ապա 2020-ից հետո երկրորդ տեղում արդեն անվտանգության խնդիրներն էին, և սա կարող ենք դիտել որպես պատերազմի հետևանք։ Եթե անգամ մարդիկ ուղիղ չէին ասում, որ պատճառը պատերազմն է, ապա ակնհայտ էր, որ պատերազմի հետևանքներն ազդել էին մարդկանց տրամադրությունների վրա, քանի որ երրորդ տեղում էին անվստահությունն ապագայի նկատմամբ, բարոյահոգեբանական մթնոլորտը»,- նշում է Տաթիկ Բադալյանը։
Հետազոտությունն անցկացնելուց հետո մասնագետներն իրենց կարծիքն էին արտահայտել, համաձայն որի արտագաղթելու մտադրություն հայտնած քաղաքացիների 1/3-ը կմեկնի, մյուսներն ուղղակի դրան նայում են որպես իրավիճակից դուրս գալու խթան։
«Մենք առաջին հերթին փորձում ենք որպես մարդ ապահովել անվտանգությունը, ու քանի որ հետազոտությունը արվել էր 2021-ին, ինքնըստինքյան հասկանալի էր, որ քանի որ դեռ թարմ էին անվտանգության խնդիրներն ու պատերազմական զգացողությունները, մարդիկ ավելի սուր էին դրանք զգում, ու խնդիրները դեռ պարզ չէին։ Հիմա այլևս չունենք այդպիսի պատկեր, ու այսքան տարիներ անց մարդիկ կարող են կարծիքը փոխած լինել, ուստի նոր հետազոտություն անցկացնելու անհրաժեշտություն կա»,- նշում է նա։
Հայաստանում ներգաղթի դրական տեղաշարժ է արձանագրվել 2019 թ.։ 2022-ին, ըստ Վիճակագրական կոմիտեի, ևս դրական է տեղաշարժ է նկատվել, 6000-ից ավելի տարբերություն է գրանցվել մեկնողների ու ժամանողների միջև։ Բացի այդ, 2022-ին ունեցել ենք նաև ԼՂ-ից ներհոսք, ուստի այդ թվերը կարող են դիտարկվել որպես ներգաղթ։ Այլ կերպ ասած՝ Հայաստանն այդ ներգաղթը ստացել է արտաքին գործոնների ազդեցությամբ։
Ինչ վերաբերում է այն երկրներին, որտեղ մեկնում են հայերը, ապա ըստ 2022-ին Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների, գերակշիռ մասը շարունակում է մեկնել ՌԴ, բայց կան նաև այլ երկրներ՝ ինչպես նախկին ԽՍՀՄ, այնպես էլ ԱՄՆ ու եվրոպական երկրներ։
«Հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ մեծ սփյուռք ունենալն օգնում է նաև մարդկանց կողմնորոշվել արտագաղթելիս երկրի ընտրության հարցում։ Պետությունը փորձեր է անում, որ այս դրդապատճառը մեղմվի, և մարդկային կապիտալը, սփյուռքի բիզնեսը ցանկություն ունենան այն տեղափոխել Հայաստան, այլ ոչ թե հակառակը, որովհետև ունենում ենք ուղեղների արտահոսք, և եթե քայլեր չձեռնարկվեն, ու միգրացիան շարունակվի, բացասաբար կազդի մեր ժողովրդագրության վրա»,- ասում է Տաթևիկ Բադալյանը։
Նրա խոսքով՝ Ժողովրդագրության ռազմավարությունը կազմելու աշխատանքներում, որն այժմ ներկայացվել է հանրային քննարկման, ներգրավվել են նաև լավագույն փորձը ներկայացնող երկրների փորձագետներ։
Նրանք տարածաշրջանային ու տեղացի գործընկերների հետ փորձել են հասկանալ ժողովրդագրության վիճակը, ընդգծել գերակա ուղղությունները, արվել են կանխատեսումներ՝ հիմնված կոնկրետ թվերի վրա, և միգրացիայի կրճատումը գլխավոր ռազմավարություներից մեկն է։
Կան ծրագրեր, որ ֆինանսավորում են պահանջում պետությունից, օրինակ՝ բարձր որակավորում ունեցող անձանց, որոնք ինչ-որ ժամանակ կաշխատեն Հայաստանում, առաջարկել ավելի լավ եկամտային հարկի պայմաններ, որոշ ժամանակով հարկերի նվազեցում, կամ եթե բիզնեսը տեղափոխվում է Հայաստան, 0 տոկոս շահութահարկ և 10 տոկոս եկամտահարկ սահմանել։
«Մեր երկրում կա արտագաղթի խնդիր։ Եթե ձեռնարկվեն քայլեր, ճիշտ լուծումներ տրվեն, պատկերը կփոխվի, որովհետև եթե մարդիկ ունենան կենսապայմաններ ու հնարավորություններ, դա դրական ազդեցություն կունենա արտագաղթի ծավալների նվազեցման վրա։ Այո՛, խնդիրը կա, բայց եթե լավատեսական լինենք, կան նաև լուծումները, և դրանք կօգնեն, որ երկիրը չհասնի այդ օրհասական վիճակին»,- ընդգծեց Տաթևիկ Բադալյանը։
Տեքստը՝ Սաթենիկ Հայրապետյանի
Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի
Փոդքաստը վարում է Լիաննա Խաչատրյանը
MediaLab.am
The post Պատերազմի հետքը. «Կա արտագաղթի խնդիր, եթե ձեռնարկվեն քայլեր, պատկերը կփոխվի». Արտագաղթը և անվտանգության փնտրտուքը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.