ՀՀ ուղարկված միջազգային առաքանուց ՊԵԿ-ը հայտնաբերել է 1600 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, ՀՀ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ, «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից՝ «Տրանս Շիփփինգ» ՍՊ ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին:
Արդյունքում հիշյալ առաքանու մեջ բացի անձնական օգտագործման առարկաներից հայտնաբերվել է նաև 1600 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Հիշյալ մաքսանենգության դեպքով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց շրջանակում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի փոխարեն նմանատիպ այլ փոխարինված զանգվածների պարունակությամբ միջազգային սուրհանդակային առաքանին Մեծամոր քաղաքի շենքերից մեկի բակում ստանալուց հետո ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Ա․Գ․-ն։
Ձերբակալվելուց հետո վերջինս, տարված բացատրական աշխատանքների արդյունքում, հայտնել է, որ նշված առաքանին իրեն չի պատկանում և այն պետք է փոխանցեր այլ անձի։
«Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցների հսկողության տակ վերջինս զանգահարել է ծանրոցն ուղարկող անձին և առաքանին փոխանցելու շուրջ ձեռք է բերել պայմանավորվածություն: Այնուհետև Էջմիածին քաղաքում առաքանին փոխանցել է ՀՀ քաղաքացի Ա. Վ.-ին, ով առաքանին ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է և Ա․Գ․-ի հետ միասին տեղափոխվել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։ Առաքանին ստանալու համար Ա․Վ․-ն ժամանել էր մեկ այլ քաղաքացու հետ, ով դեպքի վայրից դիմել էր փախուստի։ Ձեռնարկված ՕՀ միջոցառումների արդյունքում պարզվել է փախուստի դիմած անձի ինքնությունը: Վերջինս Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։
Պարզվել է, որ առաքանին ուղարկող անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի Ա.Ա.-ն, ով բազմիցս առաքանիներ է ուղարկել Հայաստան: Այդ առաքանիների մեջ եղել են առանձնապես խոշոր չափերի «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ: Ծանրոցների ուղարկման փաստերով նախկինում ձեռնարկված ՕՀ միջոցառումներ արդյունքում ձերբակալվել է 7 քաղաքացի»,- ասված է հաղորդագրության մեջ։
The post ՀՀ ուղարկված միջազգային առաքանուց ՊԵԿ-ը հայտնաբերել է 1600 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց (տեսանյութ) first appeared on MediaLab Newsroom-Laboratory.