Պատմաբանը մանրամասներ է հաղորդել Արցախի մշակութային ժառանգության ճակատագրի վերաբերյալ
Ցավոք սրտի, Արցախի ամբողջական բռնազավթումից հետո Արցախի մշակութային վանդալիզմի դեպքերը երկրաչափական պրոգրեսիայով աճել են, մենք օրվա ընթացքում 10-ից ավելի վանդալզիմի դեպքեր ենք արձանագրում: Այս մասին Արցախի ներկայացուցչության մոտ հայտարարեց Արցախի մշակութային ժառանգության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, պատմաբան Հովիկ Ավանեսովը:
«Վերջին շրջանում բավականին մեծացել են ամբողջական բնակավայրերի ոչնչացման դեպքերը՝ Շուշիի շրջանի Քարինտակ գյուղը հիմնովին ավիրվեց, Հադրութի շրջանի Մոխրենես գյուղն է ավիրված, հիմնովին ավիրված են նույն բնակավայրի Խծաբերդ գյուղը: Բազմաթիվ եկեղեցիներ կան, որոնք հիմնովին ավիրվել են և որոշների տեղն այլ կառույցներ են հիմնում: Նույն դեպքն արձանագրվեց Բերձորի սուրբ Համբարձման եկեղեցու հետ կապված, որի մզկիթի վերածման մասին ադրբեջանական քարոզչամեքենան դեռևս 2 տարի առաջ էր տեղեկատվություն տարածել»,-ասաց նա:
Ավանեսովն ընդգծեց՝ փաստերը վկայում են, որ ոչ միայն Բրեձորում, այլ նաև Քարինտակում ու Հարդութում, որտեղ Ադրբեջանը մզկիթներ է կառուցում, երբևիցե մզկիթներ գոյություն չեն ունեցել:
Իսկ թե ինչպես պետք է կանխել այս ամենը նա ասաց, որ պետք է լծակներ կիրառվի Ադրբեջանի դեմ, այլ ոչ թե բվարարվել արարողակարգային հայտարարություններով, որին մենք ականտես ենք լինում վերջին շրջանում: «Հատուկ պատժամիջոցներ պետք է կիրառվեն ինչպես Ադրբեջան պետության դեմ, այնպես էլ այն անհատների դեմ, որոնք այդ վանդալիզմն իրականացնում են»,- շեշտեց նա:
Նշենք, որ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում Արցախի օրվան նվիրված հատուկ նիստ է այս պահին ընթանում:
Նիստին մասնակցում են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը, Արցախի պատգամավորները, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: