Ես չեմ պարտվել․ անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան (տեսանյութ)
Ինձ համար միանշանակ է, ինչ դատավճիռ էլ կայացվի, միայն Հրայր Թովմասյանով չի սահմանափակվելու։ Այն շարունակություն է ունենալու։
Իր գործով դատական նիստին պաշտպանական ճառի եզրափակիչ մասում հայտարարել է ՍԴ դատավոր, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը․ «Ես էլ եմ հետամուտ լինելու, որ այս գործի բոլոր մանրամասները՝ առաջին կաշառք տալու մասին օպերատիվ տվյալից մինչև դատաքննության փուլում ինձ համար ոչ այնքան հասկանալի երևույթները, երբ ողջամիտ ժամկետում գործի քննության համար կարող են անգամ րոպեները նշանակություն ունենալ, մի օր, ինչ չափով չգիտեմ, դառնան քննարկման առարկա։
Անկախ ելքից, սրանք ունենալու են իրենց հետևանքները նաև այդ մարդկանց համար, թե ով ինչ մասնակցություն է ունեցել այս ամբողջին։ Քարերը նետելու և քարերը հավաքելու ժամկետները տարբեր են և որպես կանոն միմյանց հաջորդում են։ Անարդարությունը վերև նետած քար է, որը, այո, մի օր կարող է նաև ընկնել քո գլխին»,- նշել է Թովմասյանը։
Նա նշել է, որ անարդարության դեմ, եթե անգամ պարտվի, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը։
«Եթե վերաբերվեր միայն իմ անձին, այս պայքարը վերաբերվեր բացառապես Հրայր Թովմասյանին, միգուցե կշեռքի մյուս նժարին դրված արժեքը լիներ Հրայր Թովմասյանին առնչվող ինչ որ մի բան, կարող է ես այս ամբողջը շատ ավելի շուտ ավարտած լինեի, պայքարելն անիմաստ լիներ։ Բայց իմ պաշտպանական ճառի շատ մեծ հատված պատմական վերլուծություն էր, թե ինչ է լինում այն երկրների հետ, երբ փորձում է իշխանությունն իրեն ենթարկել դատական իշխանությունը, ինչի է հանգեցնում նման երկրներում այդ իրավիճակը։
Ես չեմ պարտվել, կապված դատական ակտից, կհամարեմ, որ ընկել եմ, բայց վեր եմ կացել։ Եթե նույնիսկ այսօր հոգեբանորեն մեղադրող կողմը կարող է պնդել, որ սա քաղաքականության հետ որևէ առնչություն չունի։ Սա ես պիտի գնահատեմ որպես մոլորություն։ Իրականությունը բոլորովի այլ բանի մասին է։
Ինձ թվում էր, որ դատավարության ժամանակ կհասկանանք, որ այս պրոցեսը տանում է վատ տեղ, ոչ թե ինձ, այլ երկիրն է տանում վատ տեղ։ Մտածում էի, որ մի փուլում կհասկանանք, որ այս ճանապարհը սխալ է։ Կապ չունի պատիժ կնշանակվի, չի նշանակվի, կազատազարկվեմ, չեմ ազատազրկվի, 1 տարի, 5 տարի և այլն»,- ասել է Թովմասյանը։
Նա մեջբերել է Աստվածաշնչի «վարվիր դիմացինի հետ այնպես, ինչպես կցանկանաս քեզ հետ վարվեն» արտահայտությունը և հիշել մի դրվագ խորհրդային բանակում իր ծառայությունից, երբ 3 ժամ ապօրինի զրկվել է ազատությունից․
«Սա ինձ համար դաս էր։ Բոլոր նրանք, ովքեր մարդու կյանքի, ազատության հետ ինչ որ աղերս են ունենում երբևէ, իրենց կյանքում մի անգամ պետք է հայտնվեն այդ վիճակում և դրանից հետո նոր նման որոշումներ կայացնեն»,- ասել է Թովմասյանը։