Եվրոպան այլևս չի կարող աշխարհի «բուսակեր» լինել, պետք է «ամենակեր» դառնա. Մակրոն
Եվրոպան այլևս չի կարող աշխարհի «բուսակերը» լինել և փոխարենը պետք է «ամենակեր» դառնա. այս մասին, Politico-ի փոխանցմամբ, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում եվրոպական քաղաքական համայնքի հավաքի ժամանակ։
Աղբյուրը նկատում է, որ Ֆրանսիայի նախագահի մեկնաբանությունները հնչել են մեկ օր անց այն բանից հետո, երբ հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում, ինչը մտավախություն է առաջացրել, որ ԱՄՆ նորընտիր նախագահը կարող է նվազեցնել Վաշինգտոնի ֆինանսական մասնակցությունը ՆԱՏՕ-ում՝ ստիպելով եվրոպական երկրներին մեծացնել պաշտպանական ծախսերը:
Մակրոնը հայտնի է որպես Եվրոպայի ամենաակտիվ ջատագովն առ այն, որ դաշինքն ամեն ինչում՝ պաշտպանությունից մինչև առաջադեմ տեխնոլոգիաներ ավելի անկախ դառնա մրցակիցներից՝ Չինաստանից և Միացյալ Նահանգներից:
«Ինձ համար պարզ է. աշխարհը կազմված է բուսակերներից և մսակերներից։ Եթե մենք որոշենք մնալ բուսակեր, ապա մսակերները կհաղթեն, և մենք նրանց համար շուկա կդառնանք: Կարծում եմ, որ մենք պետք է ընտրենք ամենակեր դառնալը: Չեմ ուզում ագրեսիվ դառնալ, պարզապես ուզում եմ՝ իմանանք՝ ինչպես պաշտպանվել»,- ասել է նա եվրոպացի առաջնորդներին Բուդապեշտում կայացած հավաքի ժամանակ։