ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնվել Նարայանա Մուրթիին
Տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 14-րդ արարողությունը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է «Infosys Limited» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին:
Իր խոսքում վարչապետը շնորհավորել է Նարայանա Մուրթիին՝ ՀՀ պետական մրցանակը ստանալու առիթով և գոհունակություն արտահայտել, որ Հայաստանի Հանրապետությունում նման մրցանակ գոյություն ունի: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս մրցանակը հարգանքի և գնահատանքի տուրք է տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում հեղափոխական ներդրում ունեցած գործիչներին:
«Բայց կարծում եմ, որ այս մրցանակաբաշխությունը կարևոր է նաև Հայաստանի Հանրապետության համար: Ինչո՞ւ, որովհետև կարծում եմ, որ այս մրցանակը փոխում է աշխարհին նայելու մեր դիտանկյունը և փոխում է աշխարհի՝ Հայաստանի Հանրապետությունն ընկալելու դիտանկյունը: Սա կարևոր է այն տրամաբանությամբ, որ մենք ոչ միայն գնահատանք, կարեկցանք կամ համակրանք ենք ակնկալում աշխարհից, այլև մենք նույնպես կարող ենք մատուցել գնահատանք և կարող ենք մեր համակրանքն արտահայտել ահա այսպիսի կարևոր և արժեքավոր մրցանակաբաշխությանը»,- ընդգծել է երկրի ղեկավարը՝ ավելացնելով, որ մեզ համար այս մրցանակաբաշխությունը մի ուրիշ դիտանկյունից նույնպես կարևոր է:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մրցանակակիրներին և այսօր նաև պարոն Մուրթիին ներկայացնելիս արժանի կերպով հնչում է «տեխնոլոգիական ոլորտի գիգանտ» արտահայտությունը, և դա ակնհայտորեն այդպես է ու այսօրվա միջոցառումը դրա մասին է վկայում: Վարչապետը նշել է, որ այս մրցանակաբաշխության համատեքստում մրցանակակիրներին մեր հանրությանը ներկայացնելիս պետք է ուշադրություն հրավիրել նրանց կենսագրության վրա: «Դրա ամենաառանցքային առանձնահատկություն այն է, որ նրանք, ներողություն, որպես գիգանտ չեն ծնվել, նրանք դարձել են գիգանտներ, նրանք դարձել են շրջադարձային ներդրում ունեցող մարդիկ: Իհարկե, ենթադրվում է, որ ի սկզբանե Բարձրյալը կոնկրետ ճակատագիր և ծրագիր է ներդրել նրանց կյանքի և կենսագործունեության մեջ, բայց ակնհայտ է, որ առանց աշխատանքի, ակնհայտ է, որ առանց կրթության, և պիտի նաև խոստովանել, որ ակնհայտ է, որ առանց ձախողումների այդ հաջողությունները հնարավոր չէր լինի արձանագրել: Ինչո՞ւ եմ կարևորում, ես հույս ունեմ, որ այս մրցանակաբաշխության և մրցանակակիրների ներկայության առիթը մենք կարողանում ենք և կկարողանանք օգտագործել հատկապես մեր պատանիներին, երիտասարդներին, ուսանողներին մեր հարգարժան մրցանակակիրների կյանքի պատմությունը ներկայացնելու»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր մրցանակակրի կյանքի պատմություն մի բան է, որը ոչ միայն արժանի է իմանալու, այլև ցանկացած իմացողի լրացուցիչ խթան, լիցք և ոգևորություն հաղորդելու շատ մեծ էներգիա և պոտենցիալ ունի:
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ շարժառիթներից մեկը, որով այս միջոցառումը կազմակերպվում է՝ հետևյալն է. նախ այն գնահատանքի արտահայտություն է այդ մարդկանց կյանքի անցած ճանապարհին: «Մեր համոզմամբ, նրանց անցած ճանապարհի վրա ուշադրություն հրավիրելն օգտակար կարող է լինել ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհում ցանկացած երկրի երիտասարդության համար, ովքեր կարող են այդ օրինակներով ոգևորվել: Իհարկե մեր մրցանակակիրները, տվյալ դեպքում հարգարժան պարոն Մուրթին իր ներկայությամբ պատվում է բոլորիս, Հայաստանի Հանրապետությանը, և մենք ահա այս պաշտոնական միջոցառմամբ պատվում ենք մեր մրցանակակիրների, այս դեպքում՝ հարգարժան պարոն Մուրթիի ձեռքբերումները և ներդրումները:
Մեծարգո պարոն Մուրթի, կրկին ընդունեք մեր խորը հարգանքների հավաստիքը և մեր գնահատանքը Ձեր անցած ճանապարհին, տեխնոլոգիական ոլորտում Ձեր ունեցած ներդրման և Ձեր գլոբալ ազդեցության նկատմամբ»:
Իր խոսքում Նարայանա Մուրթին շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատանքի համար և ընդգծել, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ Հայաստանի Հանրապետության մրցանակի: