ՔՊ-ն բոյկոտ է անում, որովհետև չի ուզում հաշտվել պարտության հետ. Գևորգ Պետրոսյանը՝ Գյումրու ընտրությունների մասին
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավագիտության դոցենտ, փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը
– Պարո՛ն Պետրոսյան, Գյումրու նորընտիր ավագանու նիստն այսօր կայացավ, քաղաքապետի պաշտոնում ընտրվեց Վարդան Ղուկասյանը, սակայն նիստին ՔՊ-ն չմասնակցեց, ավելին՝ Սարիկ Մինասյանը հայտարարել է, թե՝ հանուն գյումրեցու շահի պետք է գնալ նոր արտահերթ ընտրությունների: Եթե ՔՊ խմբակցությունը շարունակի այս գործելաոճը, ապա հնարավո՞ր է, որ ճգնաժամ առաջանա Գյումրու քաղաքապետարանում, ի՞նչ իրավական կարգավորումներ կան:
– Ավագանու նիստերի չկայացման, ճգնաժամի հիմքեր չկան, եթե այն բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք ներգրավված են, մասնակցեն նիստերին, որովհետև ձայների մեծամասնությունը կա: Իսկ ՔՊ-ն առաջին անգամ չէ, որ զբաղված է ժողովրդավարության գնդակահարությամբ, եթե գոնե մի քիչ բարոյականություն ունենային, դա չէին անի: Ժողովուրդն արել է իր ընտրությունը, ընդ որում՝ որևէ ընտրախախտում, արարողակարգային խախտումներ չեն արձանագրվել:
Եթե իրենք գտնում էին, որ ընտրությունները օրենքի շրջանակում չեն անցկացվել, ապա կարող էին բողոքարկել ու վիճարկել արդյունքները, բայց իրենք պարզապես բոյկոտ են անում, որովհետև այդպես էլ չեն ուզում հաշտվել իրենց պարտության հետ: Իրենք շատ լավ հասկանում են, որ այս պարտությունը դառնալու է իրենց մյուս պարտությունների հիմքը:
Այստեղ անվավեր ճանաչելու որևէ խնդիր չկա, ու ես արդեն շնորհավորել եմ պարոն Ղուկասյանին ընտրվելու կապակցությամբ, կարծում եմ, որ ՔՊ-ն չի կարող որևէ ձևով ազդել Գյումրու ավագանու բնականոն աշխատանքի վրա, ինչը արեցին Վանաձորում, խոսակցություններ են շրջանառվում, չէ՞, որ կարող է Վարդան Ղուկասյանին հետապնդեն: Այդ դեպքում առաջին մեղավորները հենց իրենք են, որովհետև եթե Վարդան Ղուկասյանը հանցագործ էր՝ ինչո՞ւ մինչև ընտրությունները դրանով չեն զբաղվել:
Իրավապահ մարմինները պետք է հրատապ գործեն, եթե Վարդան Ղուկասյանն իրականում հանցագործ է, ապա ինչի՞ն էին սպասում, որ քաղաքապետ ընտրվեր, նո՞ր զբաղվեին այդ հարցով: Այստեղ արդեն կա ընտրանքային վերաբերմունքի սկզբունքը, որն անթույլատրելի է, որովհետև Սահմանադրության 29-րդ հոդվածը ասում է, որ խտրականությունն արգելվում է:
Նիկոլ Փաշինյանն այսօր շալակել է Քրեական օրենսգրքի ամենածանր հանցանքները, ՔՕ-ի 420-րդ հոդվածը՝ սահմանադրական կարգի տապալում, որի անվիճելի ու անհերքելի դրսևորումն այն էր, որ իր պաշտոնավարման 100-րդ օրը հայտարարեց՝ «ինչի Հայաստանում կա՞ դատավոր, որ իմ ասածը չանի»:
Սահմանադրության 4-րդ հոդվածն ամրագրում է իշխանությունների, այսինքն՝ օրենսդիր, գործադիր, դատական մարմինների հավասարակշռման, անկախության սկզբունքը: Ո՞ր մի ժողովրդավարական երկրում, որովհետև Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն Հայաստանը համարվում է ժողովրդավարական պետություն, գործադիր իշխանության ղեկավարը կկանգնի ու պաշտոնապես կհայտարարի, թե կա՞ դատավոր, որ իմ ասածը չանի, այսինքն՝ այս ծանրագույն հանցագործությունները թողած, ընկել են Վարդան Ղուկասյանի հետևի՞ց:
– Այս օրերին շատ է խոսվում, որ Գյումրու ավագանու աշխատանքը չի կարող երկարատև լինել, որովհետև այն ընդդիմությունը, որը հավաքվել է այնտեղ, չի կարող համատեղ աշխատել, ու վաղ թե ուշ նրանց միջև պառակտում է լինելու: Համակարծի՞ք եք այս կանխատեսմանը, պարո՛ն Պետրոսյան:
– Միանշանակ պատասխան տալ չեմ կարող, որովհետև ոչ բոլորին եմ լավ ճանաչում, բայց ես ճանաչելով Վարդան Ղուկասյանին, Մարտուն Գրիգորյանին՝ կարող եմ ասել, որ պառակտում չի լինելու: Ճանաչելով հիմնական դերակատարներին, նաև մեծ հարգանք ունեմ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ, Կարեն Սիմոնյանին անձամբ չեմ ճանաչում, բայց իր քաղաքական վարքագիծն ինձ համար շատ ընդունելի է, ես կարծում եմ, որ իրենք եկել են այս որոշմանը, ոչ մի պառակտում էլ չի լինելու, այդ մարդկանցից ոչ մեկը պաշտոնակռվի կարիք չունի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post ՔՊ-ն բոյկոտ է անում, որովհետև չի ուզում հաշտվել պարտության հետ. Գևորգ Պետրոսյանը՝ Գյումրու ընտրությունների մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.