Ինչու է Ալիևը մերժել Մոսկվայի Հաղթանակի շքերթի հրավերը. APA
Երեկ պարզ դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի շքերթին
Ադրբեջանի իշխանամերձ APA գործակալությունը հրապարակել է մի շարք հանգամանքներ, որոնք, ըստ դրա, կարող էին ազդել Ալիևի՝ Մոսկվա չմեկնելու որոշման վրա։
Մասնավորապես նշվում է, որ չնայած «AZAL» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի վթարից անցել է արդեն հինգ ամիս, ռուսական կողմը մինչ այժմ որևէ քննչական գործողություն չի իրականացրել, և մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել։
Բացի այդ, վերջին շրջանում ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների նկատմամբ իրականացված կիբերհարձակումների աղբյուրը, ըստ APA-ի, հայտնաբերվել է Ռուսաստանից, սակայն Մոսկվան այս հարցում ևս որևէ պարզաբանում չի ներկայացրել։
Գործակալությունը հիշեցնում է նաև, որ մի քանի օր առաջ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովին արգելվել է մուտք գործել Ռուսաստան։ Նա Մոսկվայի օդանավակայանում կարճ ժամանակով ձերբակալվել է և հետ ուղարկվել առանց պաշտոնական բացատրության։
APA-ն եզրակացնում է, որ այս բոլոր հանգամանքներն իրենց ազդեցությունն են ունեցել Ալիևի մոսկովյան այցի չեղարկման վրա։
The post Ինչու է Ալիևը մերժել Մոսկվայի Հաղթանակի շքերթի հրավերը. APA first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
