Չքվիր աչքիցս․ ինչպե՞ս է կառավարությունը լրագրողներին հանում «ընկերների ցուցակից»
Հրապարակ է մտնում նոր օրինագիծ։ Կառավարությունը զինվում է նոր պաշտպանական վահանով՝ հանուն իհարկե միայն ու միայն մարդու իրավունքների։ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ։
Ըստ այս առաջարկի՝ այսուհետ զրպարտություն և վիրավորանք պարունակող ցանցային գրառումները ոչ միայն պետք է հերքվեն, այլ կարող են նաև տուժողի պահանջով հեռացվել։
Նախագծում ասվում է, որ եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի առցանց հարթակում (համացանցում) կատարված հրապարակման մեջ, ներառյալ՝ վերջինիս վերաբերյալ տվյալ հարթակի օգտատերերի մեկնաբանություններում, ապա հեռացնել վիրավորանք պարունակող արտահայտություն(ներ)ը՝ «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
Այսինքն՝ եթե լրատվամիջոցը տպագրել է մի նյութ, և ընթերցողները իրենց կարծիքն են հայտնել, օրինակ՝ նյութի հերոսների մասին, ապա այն ենթակա է հեռացման։
Ավելին՝ նախագիծն ասում է, որ եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն չիրականացնող անձի՝ առցանց հարթակի (համացանցի) օգտատիրոջ էջում (օգտահաշվում) հրապարակված առանձին միավոր (ոչ մեկնաբանություն) հանդիսացող գրառման մեջ, ապա հեռացնել այդ գրառումը՝ ամբողջությամբ կամ մասնակի:
Նման դեպքերում, ըստ նոր օրենքի, կարող է նաև ֆինանսական տուգանք սահմանվել։ Նվազագույն աշխատավարձի մինչև 3000-ապատիկի չափով փոխհատուցում: Ստացվում է մոտ երեք միլիոն դրամ տուգանք, ինչը պարգևավճարներից հաճախ հեռու հայ լրագրողների և անկախ լրատվականների համար տեսանելի գումար է։
Ինչևէ, լրատվամիջոցները իհարկե բողոքում են, քանի որ բացի այն, որ ՀՀ կառավարությունն առանձնանում է եզակի նեղացկոտությամբ, նաև հստակ գրված չէ, թե ժողովրդավարության բաստիոնում ինչն է համարվում վիրավորական, արժանապատվությանը վնաս հասցվող։
Նախագծում նշվում է. «Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի բովանդակային կարգավորումներից հետևում է նաև, որ վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է»:
Դիցուք՝ եթե ինչ-որ քաղաքական գործիչ ինչ-որ լրագրողի վիրավորել է, և ես հոդվածում գրեմ, որ այս գործիչը ծովահենին հատուկ բառապաշար ունի, դա վիրավորա՞նք է։ Բացի մամուլի համար անառողջ միջավայր ստեղծելուց, ի՞նչ բեռ է այս նախագիծը բերելու բյուջեի համար։ Ինչ-որ մարդիկ զբաղված են լինելու մեկնաբանություններ կարդալո՞վ, մեր ու ձեր մուծած հարկերի հաշվին։
Կառավարության ներկայացուցիչները իհարկե կխոսեն չափը անցնող, սադրող և մանիպուլացնող լրատվականների մասին։ Բայց պետք է հասկանալ, որ նրանց նշած մեդիաները իրենց գործը լավ գիտեն։ Պայմանական «Բադրիջան․am» կայքը ստահոդ լուրեր տարածելու մասնագետ է։ Ու չես կարող տուգանել, քանի որ հավանաբար գրանցված է կորեական ինչ-որ գյուղում։ Ստացվում է, որ գետնի վրա հարվածի տակ են ընկնելու իրական մեդիաները, որոնք, որպես կանոն, հետևում են էթիկայի կանոններին և ձգտում են զբաղվել իրական լրագրությամբ։ Այս օրինագծով համացանցային բոտերի և ֆեյքերի բերանը չի փակվելու։
Ամենահետաքրքիրը այստեղ, սակայն, դաշտը մաքրելու փորձն է։ Սոցիալական ցանցերի իրականության մեջ ապրող սերնդին հատուկ վարք։ Մանկան պահվածք։
Նկատած կլինեք, որ նույն Ֆեյսբուքում, օրինակ, մարդիկ ջնջում են իրենց ընկերների ցուցակից բոլոր նրանց, ում խոսքն ու միտքը իրենց սրտով չեն, ստեղծում գեղեցիկ և հարմարավետ պղպջակ, որի մեջ ապրում են։
Եթե այս մարդիկ քաղաքական ակտիվությամբ աչքի չեն ընկնում, սա կարող է նրանց հարմար կյանքի ընտրություն լինել։ Բայց հետո չպետք է զարմանան, թե ինչպես է ստացվում, որ Ամերիկայից ինչ-որ մի բլոգեր հանկարծ այսքան ձայն է ստանում ընտրությունների ժամանակ, չէ՞ որ իր շրջապատում բոլորն այնքան ուսյալ էին և վեհ։ Սոցիալական միջավայրը մաքուր պահելուն ուղղված այս վարքը կտրում է մարդուն իրականությունից, ինչպես նաև հետ վարժեցնում հակադիր կարծիք լսելու, դրան մարդավարի ընդդիմանալու բոլոր հմտություններից։
Անկեղծ ասեմ, որպես լրագրող ինձ շատ չի անհանգստացնում այս օրենքը։ Հավատացեք՝ հմուտ լրագրողները ձեզ վսեմագույն բառապաշարով վիրավորելու այնպիսի հնարքներ կգտնեն, Հոմերոսի «Իլիականից» այնպիսի դիպուկ մեջբերումներ կբերեն, որ անգամ չեք էլ նկատի, թե ինչպես վիրավորանքը ձեզ հասավ, ու երբեք չեք ապացուցի դատարանում, որ ձեզ հետ էին։
Ինձ ավելի շատ այս օրինագծի հետևանքն է անհանգստացնում որպես քաղաքացի։
Քանի որ նման կերպ կառավարությունը իր դեմ արտահայտված բողոքը չի վերացնելու, այլ մտցնելու է ընդհատակ, անձնական չաթեր, այլաբանության դաշտ ու ցածր փսփսոցի մակարդակ։
Իսկ ընդհատակում ոչ ոք երբեք չի գեղեցկանում։
Որքան մարդիկ սովորեն աշխատել, արտահայտվել ու մտածել շրջանցելով օրենքը, այնքան քիչ նրանք ուշադրություն կդարձնեն օրենքին առհասարակ։
Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ սոցիալ-քաղաքական մշակույթի նման զարգացումը, կարծում եմ, դժվար չէ պատկերացնել։
Լիաննա Խաչատրյան
MediaLab.am
The post Չքվիր աչքիցս․ ինչպե՞ս է կառավարությունը լրագրողներին հանում «ընկերների ցուցակից» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
