Փաշինյանի բալանսավորված քաղաքականությունը նշանակում է տեղում դոփել, վաղը մենք մեր գլխին նոր արհավիրքներ ենք բերելու. Ստեփանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը
– Պարո՛ն Ստեփանյան, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել, որ այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում: Ինչպե՞ս եք գնահատում Միրզոյանի այս հայտարարությունը:
– Ես իմ գնահատականը վաղուց եմ տվել, նույնիսկ այն ժամանակ, երբ այդ օրենքը դեռ չէր էլ ընդունվել: Պնդել եմ, որ օրենքը միանշանակ ընդունվելու է, ու դրանից հետո գործընթացը կանգ է առնելու, այնպես որ, պարոն Միրզոյանը անձամբ ինձ համար որևէ նորություն չի ասել: Օրենքն ընդունվել է, բայց ես չեմ կարծում, թե այս կառավարությունը նշմարվող հեռանկարում պատրաստվում է անդամակցության հայտով դիմել ԵՄ-ին կամ այդ ուղղությամբ լուրջ քայլեր անել:
– Ինչո՞ւ չեն դիմում, չկա՞ քաղաքական կամք, թե՞ իշխանությունն այդ ուղղությամբ հեռանկարներ չի տեսնում:
– Չկա քաղաքական կամքը, կան վախեր, որոնց մի մասն է հիմնավորված: Կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ վախեր, ես կարծում եմ, որ սուբյեկտիվ վախերն այստեղ գերակշռում են, դրա համար կառավարությունը չի պատրաստվում քայլեր անել:
Ինչ վերաբերում է հեռանկարներին՝ դրանք եղել են, կան ու լինելու են միանշանակ, ու այն բոլոր մեսիջները, վերջինը ասեմ, որը եկավ Կիպրոսից, ասացին, որ պատրաստ են աջակցելու այդ հարցում, շատ երկրներ են հայտնել այդ պատրաստակամությունը, իսկ Եվրոկոմիսարը հայտարարել է, որ Հայաստանից հայտ չի ներկայացվել, ու նրանք կարող են խոսել այդ մասին, քննարկել Հայաստանի հեռանկարները, երբ վերջինս հայտ կներկայացնի, ամեն ինչ շատ պարզ ասվում է:
– Որ ասում եք՝ վախեր կան, որտեղի՞ց են գալիս այդ վախերը:
– Դրանք այն վախերն են, որ ունեցել են մեր բոլոր իշխանությունները՝ սկսած 91 թվականից, մեր իշխանությունները վախեր ունեն պրոակտիվ, սեփական, անկախ, ինքնիշխան քաղաքականությունից, սա փաստ է, Նիկոլ Փաշինյանը գյուտեր չի հնարում, դա եղել է Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած: Կտրուկ քայլեր չեն արվում, այս բոլոր տարիների քաղաքականությունը կարելի է բնութագրել՝ սպասենք տեսնենք՝ ի՛նչ է լինում:
Այս բոլոր տարիներին մեզանում եղել է Ռոբերտ Քոչարյանի կոմպլեմենտար քաղաքականությունը, որին հաջորդեց Սերժ Սարգսյանի և՛, և՛-ը, հիմա Նիկոլ Փաշինյանը նոր տերմին է հնարել՝ բալանսավորված ու բալանսավորման արտաքին քաղաքականություն: Այս բոլոր քաղաքականությունները մեծ հաշվով նույն քաղաքականությունն են, ու դա ես բնութագրում եմ որպես քայլեր չկատարելու, սեփական նախաձեռնություններից խուսափելու քաղաքականություն:
Մենք, ցավոք սրտի, այդ քաղաքականության պտուղները քաղել ենք և՛ 2020 թվականին, և՛ 21-ին, և՛ 22-ին ու ամենավերջում՝ 23-ին: Սա եղել է մեր նախաձեռնողական քաղաքականության բացակայության հետևանքը, հիմա Նիկոլ Փաշինյանը շարունակում է այդ ուղեգիծը, ու ես շատ լուրջ մտավախություն ունեմ, որ տեղում դոփելով, իսկ բալանսավորված քաղաքականությունը տվյալ դեպքում նշանակում է տեղում դոփել, վաղը մենք մեր գլխին նոր արհավիրքներ ենք բերելու:
– Այդ դեպքում ինչո՞ւ օրենսդիր մարմինն ընդունեց ԵՄ-ին անդամակցության մասին օրենքը, պարո՛ն Ստեփանյան:
– Այդ օրենքում նշված չէ, որ Հայաստանը դիմելու է, սա ուղղակի բարի ցանկությունների մասին փաստաթուղթ է: Մենք գնացինք, ընկանք ժողովրդի հետևից, ժողովուրդն իր ստորագրությունը տվեց, մենք այդ ցանկությունը բերեցինք խորհրդարան, նրանք էլ մեզ ընդառաջեցին, ստորագրեցին փաստաթուղթը ու դրեցին դարակի վրա: Եթե իրավիճակը չփոխվի, վախենում եմ կանխատեսել, թե քանի տարի է այդ փաստաթղթի վրա փոշի նստելու:
Հիմա որոշակի կայուն վիճակ է, ու իշխանությունը չի ուզում այդ կայունությունը կորցնել, նրանք մտածում են, որ այսպես հավերժ է լինելու: Ժամանակին պարոնայք Քոչարյանն ու Սարգսյանն էլ էին մտածում, որ Ղարաբաղի շուրջ ստատուս քվոն հավերժ է լինելու, իսկ մենք տեսանք թե ինչ եղավ: Ես չեմ կարծում, որ Ֆրանսիայի ու Ռուսաստանի հետ հավասարազոր հարաբերություններ կառուցելը ճիշտ քաղաքականություն է, որը բխում է Հայաստանի շահերից, սա սխալ է:
– Ստացվում է, որ այս իշխանությունն ամենևին էլ արևմտամետ չէ՞, ինչպես հայտարարում էին շատերը:
– Ես չգիտեմ, թե այդ հայտարարությունները ովքեր են տարածում, ես վստահ եմ մեկ բանում ու այս հարցում հավատում եմ մեր իշխանություններին, իրենք են ասում, որ իրենց համար «իզմ»-եր չկան, ասել է, չէ՞ Նիկոլ Փաշինյանը: Իրենք ասում են, որ իրենք վարում են բալանսավորված քաղաքականություն, սա այն դեպքն է, երբ գործն ու խոսքը չեն հակասում: Ես այս հարցում հավատում եմ Նիկոլ Փաշինյանին, նա ոչ մի «իզմ» չունի, բայց ասում եմ, որ սա սխալ քաղաքականություն է: Իրենք հույսները դրել են նրա վրա, որ շարունակելու են մանևրել, ինչպես Սերժ Սարգսյանն էր հույսը դրել, ինչի հետևանքով էլ 2013 թվին մեզ մտցրեց Մաքսային միության կազմի մեջ: Նիկոլ Փաշինյանը վարելու է այն քաղաքականությունը, որը թույլ կտա իրեն հնարավորինս երկարացնել սեփական իշխանությունը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Փաշինյանի բալանսավորված քաղաքականությունը նշանակում է տեղում դոփել, վաղը մենք մեր գլխին նոր արհավիրքներ ենք բերելու. Ստեփանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
