Ազգային պետության վախճանը
Այսօր տեղեկացանք, որ գործադիրը հավանություն է տվել պարտադիր զինվորական ծառայության համակարգում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առաջարկվում է սահմանել կրճատ ժամկետով ծառայություն: Մեկ ամիս ծառայելու համար պետք է վճարել 24 մլն դրամ, չորս ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ։
Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն տարիքային շեմը սահմանել 32 տարեկանը՝ 27-ի փոխարեն:
Սահմանել, որ մինչև 16 տարին լրանալը արական սեռի քաղաքացիները ՀՀ-ի նկատմամբ ունենան 15 մլն դրամի հանրային իրավական դրամական պարտավորություն։ Այդ պարտավորությունը դադարում է, երբ քաղաքացին մեկնում է ծառայության կամ դուրս է գալիս ՀՀ քաղաքացիությունից հօգուտ պետբյուջեի վճարման միջոցով։
Նախագիծն ուժի մեջ կմտնի Ազգային ժողովում ընդունվելուց հետո միայն:
Եթե մի կողմ դնենք մանր ու միջին թվաբանությունը, մեծ հաշվով այս նախագիծը բանակից գումարով ազատվելու մասին է: Ավելին՝ ծառայության համար տարիֆներ են սահմանվում, որոնցից քաղաքացին կարող է ընտրել իր գրպանին ամենահարմարը: Շատերը կասեն և ասում են, թե ոչ մի նոր բան չկա այստեղ: Հայոց աշխարհում միշտ էլ ունևորները զարտուղի ճանապարհներով ազատվել են բանակից, իսկ ով գումար չուներ, ստիպված գնում էր ծառայելու: Հայրենիքի պաշտպանությունը միշտ էլ եղել է աղքատների գործը:
Բայց ես կարծում եմ, որ մենք ի դեմս այս օրինագծի գործ ունենք շատ ավելի խոր, սոցիալ-քաղաքական փոփոխությունների արձանագրման հետ, որը մեծ հաշվով նշանակում է ազգային պետության վախճան: Չէ, Հայաստանի Հանրապետությունը չի վերանա, առնվազն դեռ: Բայց Երրորդ հանրապետության ստեղծման հիմքը այլևս հիմնահատակ քանդված է: Սա հիրավի նոր Հայաստան է:
Օրենքը՝ բարոյականության արտահայտիչ
Բայց ինչո՞ւ եմ ես կարծում, որ առանց այդ էլ առկա վիճակն արձանագրելը, դեռ մի բան էլ բյուջեն գումար լցնելը նշանակում է ազգային պետության վախճան:
Կա երկու հանգամանք: Առաջինը՝ եթե ինչ-որ մի արատավոր երևույթ առկա է, դա դեռ չի նշանակում, որ այն պետք է կանոնակարգել: Մարդ վաճառելը, օրգանների վաճառքը, թմրամիջոցների վաճառքը երեխաներին և այլ արատավոր երևույթներ նույնպես կան ամբողջ աշխարհում, մի՞թե դրանք պետք է բերել օրինական դաշտ:
Ինչ-որ բանը օրենքից դուրս հայտարարելու գլխավոր նպատակը արատավոր վարքը վերացնելը չէ: Ոչ մի հանցագործություն երբեք 100 տոկոսով չի վերացվել օրենքի միջոցով: Ինչ-որ երևույթի քրեականացումը մեր բարոյական վերաբերմունքի արտահայտումն է առ այդ երևույթը: Մի գողացիր, մի սպանիր… Հասկանալի է, չէ՞, որ պետք է ամենավերջին միամիտը լինենք, որպեսզի մտածենք, որ կարելի է վերացնել գողությունն ու սպանությունն առհասարակ: Բայց մենք համարում ենք այս վարքը անընդունելի և դրա մասին արձանագրում ենք ու պատժում, եթե ունենում ենք դրա հնարավորությունը:
Երկրորդ հանգամանքը արժեզրկումն է: Մի ինստիտուտ, որը կապված է պատվի ու բարոյականության մասին պատկերացումների հետ, գումարային դաշտ բերելով կորցնում է իր արժեքը:
Եթե հանրությունը հերոս չունի. անգամ հարկատուն հերոս չէ
Ազգային պետությունը ենթադրում է, որ կա հանրույթ, որն ունի ընդհանուր մշակութային արժեքներ՝ բառիս ամենալայն իմաստով՝ լեզու, կրոն, ընդհանուր պատմություն և այլն: Ազգային պետության ստեղծման նպատակը այդ հանրությանը թույլ տալն է իր մշակութային արժեքները յուրացնել, բազմապատկել, փոխանցել հաջորդ սերունդներին:
Եթե շատ պարզ՝ ապա ազգային պետության հիմքում ընկած է սոլիդարությունը՝ համերաշխությունը: Իրավիճակ, երբ մարդիկ գնում են որոշակի զիջումների՝ հանուն ընդհանուր խմբային շահի: Օրինակ՝ գնում են բանակ ծառայելու, որպեսզի ապահովեն ընդհանուր անվտանգությունը, մուծում են հարկեր, որպեսզի ապահովեն ընդհանուր բարեկեցությունը, միասին ծառ են տնկում, խնամում են մեծերին և այլն, և այլն:
Առանց ընդհանուրի, «մենք»-ի, ազգայինի պատկերացման դու չես ունենա ոչ միայն ազգային անվտանգություն, այլ նաև հարկատու հերոս: Որպեսզի մարդն ուզենա «հերոս հարկատու» լինել, նա պիտի ունենա ընդհանուրի գաղափար, մտածի, որ իր մուծած գումարը հետո բաշխվելու է «մերոնց», այսինքն «իր խմբի, ազգի ներկայացուցիչների միջև»: Բացի եզակի մարդասերներից, ոչ ոք չի ուզում գումար տալ ուրիշի համար: Եթե դու գումար ես տալիս, որպեսզի քեզ չճնշեն, դա ռեկետ է, ոչ թե հարկ: Դու հերոս չես, դու մազապուրծ ես:
Թե որտեղ պետք է ավարտվեն անձնականի և ընդհանուրի սահմանները, տարբեր քաղաքական, փիլիսոփայական դեբատների թեմա է: Բայց փաստը մնում է փաստ, որ առանց ընդհանուրի գաղափարի չի կարող լինել ոչ մի ազգային պետություն:
Մարդու կյանքի գինը բարձր է ու գնալով ավելի է բարձրանում, սա էլ ստիպում է ազգային պետություններին այսքան ուշադիր լինել, գնահատել ու մեծարել իր զինվորներին: Դրա վառ օրինակը Իսրայելն է, չնայած անզեն աչքով դիտողը կտեսնի սա նաև հարևան Թուրքիայում:
Բանակը ազգային գաղափարի թերևս ամենաթանկ հարթակն է: Ծառայությունը պատիվ է բերում, քանի որ համարվում է ամենաբարձր կարգի անձնային զոհողություն հանուն ընդհանուրի:
Բանակը պիտի լինի հարթակ, որտեղ այսպես կոչված քաղաքացիական բաժանումները վերանում են: Բոլորը հավասար են բանակի առաջ: Ազգային բանակները վարձկան ջոկատների խմբից տարբերվում են նրանով, որ ստանում են որոշակի սակրալության երանգ, քանի որ, կրկին՝ ամենաբարձր զոհողության մասին են: Եթե բանակ գնալը ոչ թե զոհողության, այլ պարզապես չունևորության հարց է, բանակը սակրալից վերածվելու է ոչ միայն առօրեականի, այլ նաև կեղտոտ մի բանի: Կստացվի, որ բանակ գնացողները «քյասիբ» են: Հետևաբար պետք է ձգտել ամեն գնով չգնալ բանակ, չհամալրել անճարների ցուցակը: Սա կար նաև նախկինում: Բայց սա օրենքից դուրս էր: Կար արձանագրված հասարակական-քաղաքական վերաբերմունք՝ բանակից փախչելը սրիկայություն է, ու, հետևաբար, բանակում ծառայածներն ունեին ինքնագնահատականի ու պատվի հարթակ առնվազն առօրեական մակարդակում: Սա այլևս վերացվելու է:
Նոր Հայաստան
Ազգային պետության համար պետք է ունենալ որոշակի հավասարության, համահարթեցման հարթակներ: Բայց այլևս բոլորը վերջնականապես հավասար չեն հանրային պարտականության և պատվի առաջ: Ոմանք ավելի հավասար են: Սա արդեն իսկ բերելու է հասարակության շերտավորման, ու խոսքը ֆինանսական շերտավորման մասին չէ, որը վաղուց կար, այլ՝ «մերոնց» ու «նրանց» մասին է: Այլևս չկա մեր բոլորի բանակը, կա պետություն, որին բոլոր տղաները ի ծնե պարտք են… փող: Եթե բախտները բերեց՝ հարուստ ընտանիքում ծնվեցին, պարտքը կմուծեն ու ազատ են կամ էլ մի թեթև, մի ամիս կծառայեն: Եթե ոչ՝ դե ինչ արած…
Իհարկե մենք ունենք խորքային խնդիրներ բանակի թե համալրման, թե բանակից խուսափելու ու ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու առումով: Եվ այս խնդիրները երեկ չէ, որ ծնվել են: Հենց դա է պատճառը, որ ինձ թվում է՝ ազգային պետության վախճանը հավանաբար տեղի կունենա հանրային լռության, իսկ երբեմն նաև ծափահարությունների ներքո: Այս գաղափարական էռոզիան, ժանգոտման գործընթացը երեկ չէ, որ սկսվել է: Այդուհանդերձ, կառավարության առաջարկած քայլերը վերը նշված խնդիրների լուծումներ չեն, դրանք երկարաժամկետ առումով ավելի են խորացնելու դրանք:
Գաղափարներն արժեզրկվում էին դանդաղ, տարեցտարի… երբ բանակում արդեն իսկ կային հարուստի և աղքատի հարաբերություններ, երբ հեռուստատեսությամբ գեղեցիկ զորահանդեսներ էին, իսկ գետնի վրա՝ չկառուցված պաշտպանական գծեր… Այս ամենը վաղուց էր մեկնարկել: Բայց նոր օրինագիծը արժեզրկման այս շքերթի վերջին փուլն է, հրապարակ մտնող «Իսկանդերը»… Որի համազակը, ի դեպ, տարիներ անց կլսենք: Եթե լսենք…
Լիաննա Խաչատրյան
MediaLab.am
The post Ազգային պետության վախճանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
