Փաշինյանի «համբալ», «վե՛ր ընկի տեղդ», «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» արտահայտությունների մասով ԿԿՀ-ում վարույթ է հարուցվել. Factor
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կքննի մայիսի 7-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված մի շարք արտահայտություններ, պարզելու՝ վիրավորանք պարունակե՞լ են իրենց մեջ։ Ինչպես Factor.am-ին հայտնեցին հանձնաժողովից՝ մայիսի 15-ին վարույթ է հարուցվել Փաշինյանի՝ վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ։
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է նաև անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ մայիսի 16-ին դիմել էր ԿԿՀ, պահանջելով վարույթ հարուցել վարչապետի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ. «Ուշադրության կենտրոնում են եղել հետևյալ դրվագները՝ «Համբալ», «Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունները և «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը:
Հարկ է նկատել, որ հանրային բարձր պատասխանատվություն կրող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի՝ իր վարքագիծն ու խոսքը չեն կարող լինել անսահմանափակ։ Դրանք պետք է լինեն իրավունքի և բարոյականության շրջանակներում։ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը խաթարում է իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, սրում է ինստիտուցիոնալ քայքայման ռիսկերը և խախտում է քաղաքացի-պետություն հարաբերությունների հիմքը՝ հարգանքը»,- գրառման մեջ շեշտել է պատգամավորը։
Հիշեցնենք՝ մայիսի 7-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իրավիճակը հերթական անգամ լարվեց, երբ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոն դրվագներով իր թիմակիցներին պատասխանատվության ենթարկելու կամք չունի, իսկ մամուլի հրապարակումներին հետևանք չկա: Փաշինյանը վրդովվեց և հենց խորհրդարանի ամբիոնից քննադատական և սպառնալից ելույթ ունեցավ, ինչից հետո լարված իրավիճակը շարունակվեց արդեն տեղը զբաղեցնելուց հետո։
The post Փաշինյանի «համբալ», «վե՛ր ընկի տեղդ», «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» արտահայտությունների մասով ԿԿՀ-ում վարույթ է հարուցվել. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
