Մինչև 2026 թվականը մենք խաղաղության պայմանագիրը ստորագրած չենք տեսնելու, ես կարծում եմ, որ ընդհանրապես չենք տեսնելու. Արմեն Վարդանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը
– Պարո՛ն Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, որ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը հակասում է մեր Սահմանադրությանը, ապա ինքը նախաձեռնելու է Սահմանադրությունը փոխելու գործընթաց: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունը:
– Նրա ասածն ավելի շատ դիվանագիտական է, քան իրականության ոլորտից, Սահմանադրություն փոխելը չափազանց բարդ է, ու այնպես չէ, որ իշխանությունը կարող է դա հեշտությամբ նախագծել ու իրագործել՝ առանց խնդիրների: Հետևաբար, դա ավելի շատ դիվանագիտական պատասխան էր, քան իրականության հետ աղերսներ ունեցող:
– Նկատի ունեք՝ պատասխան էր Ադրբեջանից հնչող պահանջին առ այն, որ Հայաստանը պետք է փոխի՞ իր Սահմանադրությունը:
– Այո՛, բայց ես վստահ չեմ, որ նա ուզում է Սահմանադրության փոփոխություն՝ մանավանդ Ալիևի պահանջով:
– Կարծում եք՝ իսկապես կլինե՞ն հակասություններ Սահմանադրության ու այդ պայմանագրի կետերի միջև:
– Չէ՛, իրականում ոչ մի հակասություն չկա: Իմ տեղեկություններով՝ ամերիկյան կողմը՝ նախորդ վարչակազմի օրոք, մեր Սահմանադրությունը փորձաքննության է ենթարկել ԱՄՆ իրավագետների ամենաբարձր մակարդակով, ու այդ փորձաքննության եզրակացությունը եղել է այն, որ ՀՀ Սահմանադրությունը իրականում որևէ խոչընդոտ չի ստեղծում խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որ Ադրբեջանի բերած փաստարկներն արհեստական են, ու նպատակն այն է, որ խուսափեն այդ պայմանագրի ստորագրումից:
– Պարո՛ն Վարդանյան, Փաշինյանի այս հայտարարությանը արդեն պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը՝ նշելով, որ իրականում Փաշինյանը ամենևին էլ խաղաղության մտադրություն չունի, որովհետև եթե այդպես լիներ, ըստ խոսնակի, Մինսկի խմբի պաշտոնական լուծարման գործընթաց կսկսեր:
– Այնպես չէ, որ Փաշինյանն է ստեղծել այդ խումբը, որ ինքն էլ լուծարի, երկրորդ՝ Փաշինյանն էլ է շատ լավ հասկանում, որ Ադրբեջանը արհեստականորեն ստեղծում է այնպիսի խնդիրներ, որ խուսափի խաղաղության պայմանագրի ստորագրումից: Հայաստանի իշխանությունը ևս բազմիցս կասկածներ է հայտնել, որ Ադրբեջանի իրական նպատակը պայմանագրի ստորագրումը չէ:
Ստացվում է, որ երկուստեք անվստահության մթնոլորտ է, ու կարևոր չէ՝ ո՛վ է ճիշտ, ո՛վ՝ սխալ, փաստ է, որ երկու կողմն էլ հակված չէ պայմանագրի ստորագրմանը՝ ինչ-ինչ պատճառներով: Ընդ որում՝ ավելի շատ Ադրբեջանը, քան Հայաստանը, Հայաստանը ֆորմալ առումով ամեն ինչ արել է դրա համար, այդ մասին նույնիսկ Արևմուտքում են նշում:
– Ձեր գնահատմամբ՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը դիմեն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, համանախագահող երկրները կտա՞ն իրենց համաձայնությունը լուծարման վերաբերյալ:
– Բարդ հարց եք տալիս ու շատ լավ հարց. անկեղծ ասած, այդ հարցի պատասխանը ես էլ չունեմ: Ոչինչ բացառել իհարկե չի կարելի:
– Իսկ Հայաստանի իշխանությունն ուզո՞ւմ է, որ այդ խումբը լուծարվի, հայկական կողմին դա ձեռնտո՞ւ է:
– Իհարկե չի ուզում, որովհետև արցախյան հակամարտությունն իրականում լուծված չէ, չնայած Ադրբեջանի հայտարարությանը: Չլուծված բազմաթիվ հարցեր կան՝ արցախահայության ապագայի, կարգավիճակի ու այլնի վերաբերյալ, Հայաստանը չի կարող իր հայրենակիցներին թողնել բախտի քմահաճույքին ու առանց հակամարտությունը լուծելու գնալ Մինսկի խմբի լուծարման, դա անհեթեթություն կլինի:
– Պարո՛ն Վարդանյան, կարծիքներ են հնչում, որ Հայաստանի իշխանությունը մինչև հերթական խորհրդարանական ընտրություններն ուզում է այդ պայմանագիրն ունենալ ստորագրած ու դրա համար Ադրբեջանի ամեն պահանջ կատարելու է: Դուք է՞լ եք այդպես կարծում:
– Ես համակարծիք չեմ, եթե այդպես լիներ՝ Սահմանադրությունը կփոխեր, բայց իրականում Հայաստանը չի պատրաստվում փոխել այն՝ այն էլ Ալիևի պահանջով: Ես վստահ եմ, որ սահմանադրական հանրաքվեն 2026 թվականի ընտրություններից առաջ չի լինելու, որքան էլ շատերը պնդեն: Մինչև 2026 թվականը մենք խաղաղության պայմանագիրը ստորագրած չենք տեսնելու, ես կարծում եմ, որ ընդհանրապես չենք տեսնելու:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Մինչև 2026 թվականը մենք խաղաղության պայմանագիրը ստորագրած չենք տեսնելու, ես կարծում եմ, որ ընդհանրապես չենք տեսնելու. Արմեն Վարդանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
