Իսրայելը չունի մաշող պատերազմի ռեսուրս, որովհետև այն բերելու է ուժերի այլ հարաբերակցության, զգալիորեն զիջելու է Իրանին. Հակոբ Բադալյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը
– Պարո՛ն Բադալյան, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, թե Իսրայելը «շատ մոտ է» Իրանում իր նպատակների իրականացմանը: Ձեր գնահատմամբ՝ իրականում ի՞նչ իրավիճակ է, որքանո՞վ է Իսրայելը մոտ իր նպատակներին:
– Իսրայելի նպատակների մասին միարժեք չենք կարող ասել, որովհետև նախ՝ հայտնի չէ, թե որո՛նք են ըստ էության իր նպատակները, երկրորդ՝ հայտնի չէ, թե իրենց հարվածներից, այդուհանդերձ, Իրանը ի՛նչ վնասներ է կրել:
Վնասներ, բնականաբար, կրել է, բայց պարզ չէ՝ ի՛նչ ծավալի, առավելևս, երբ վնասներ կրում է նաև Իսրայելը, ընդ որում, Իսրայելն ամբողջապես փակել է իր ռազմական օբյեկտների վերաբերյալ ինֆորմացիան, ու պարզ չէ, թե Իրանի հարվածները հատկապես ի՛նչ կորուստներ են պատճառել Իսրայելին: Այս տեսանկյունից ակնհայտ է, որ հրապարակային հայտարարությունների մի զգալի մասն արվում է հիմնականում քարոզչական տրամաբանությամբ:
Եթե Իսրայելի նպատակը միջուկային ծրագրի ոչնչացումն էր, ապա ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը նախօրեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի այդ հարվածը ոչնչացրել է Իրանի միջուկային տեխնոլոգիան, ու այստեղ հարց է առաջանում. եթե այդ տեխնոլոգիան ոչնչացված է, ինչպես նաև Թրամփն է հայտարարում, ապա այդ դեպքում էլ ի՞նչ նպատակ կարող է ունենալ Իսրայելը, ու ինչո՞ւ ԱՄՆ-ն Իսրայելին կոչ չի անում դադարեցնել հարվածները, եթե խնդիրը միջուկային տեխնոլոգիաների վերացումն էր:
Սա նշանակում է, որ իրական գետնի վրա իրավիճակը զգալիորեն այլ է, քան հայտարարություններից ստացվող տպավորությունը: Առավելևս, որ, իմ գնահատմամբ, Իսրայելի բուն նպատակը միջուկային ծրագիրը չէ, դա ավելի շուտ ավելի լայն նպատակի առիթ է, իսկ ավելի լայն նպատակը ենթադրում է պարզապես Իրան, որն ամբողջապես ենթակա կլինի իսրայելական կառավարման, ինչպես, օրինակ, եղել է նախահեղափոխական Իրանը: Իրան, որը կլինի անկառավարելի ու ներքին քաոսի մեջ, այսինքն՝ տարածաշրջանային սուբյեկտությունից զուրկ Իրան, սա է, ըստ իս, Իսրայելի բուն նպատակը:
Բայց դրանից բացի՝ նաև նպատակ ունի պահելու իր ավանդական գերակա դիրքերն ու դրանց հանդեպ ԱՄՆ-ի ավանդական վերաբերմունքը՝ Մերձավոր Արևելքում լրջորեն փոխվող հավասարակշռության պայմաններում: Փոփոխությունները, որ ծավալվում են տարածաշրջանում, որոնք բավական խորքային ու էական բնույթ ունեն, անհանգստացնում են Իսրայելին, որովհետև վերջինս ստիպված է լինելու հաշվի նստել ուժերի նոր հավասարակշռության հետ, իսկ այստեղ արդեն խնդիրներ են առաջանալու Իսրայելի քաղաքական ղեկավարության համար: Այսինքն՝ Նեթանյահուի անմիջապես քաղաքական ճակատագրի հարցն է, ստացվում է, որ նա այստեղ լուծում է նաև անձնական հարցեր, գիտենք, որ նրա դեմ հարուցված քրեական գործեր կան:
Բայց ակնհայտ է, որ Իսրայելը չունի մաշող պատերազմի ռեսուրս, որովհետև այն բերելու է ուժերի այլ հարաբերակցության, իսկ Իսրայելն այդ տեսանկյունից, հասկանալի է, զգալիորեն զիջելու է Իրանին: Ըստ այդմ՝ չեմ բացառում, որ Նեթանյահուն, հայտարարելով, թե իրենք մոտ են նպատակների իրագործմանը, նախապատրաստում է դադարի ինչ-որ տարբերակ, որովհետև, չնայած անձնական մոտիվներին, այդուհանդերձ, շատ բարդ է շարունակել աննպատակ ու անարդյունավետ պատերազմ:
– Ինչո՞ւ Թրամփը որոշեց ուղիղ միջամտել Իսրայել-Իրան պատերազմին:
– Նախ՝ այնքան էլ պարզ չէ, թե Թրամփի հարվածի արդյունավետությունն ինչպիսին էր, երկրորդ՝ Իրանը կարծես թե իսկապես հեռացրել էր հարստացված ուրանը այդ միջուկային օբյեկտներից, իհարկե այդտեղ գլխավոր նպատակն ավելի շատ հենց տեխնոլոգիաներն են, որպեսզի Իրանը հնարավորություններ չունենա այդտեղ շարունակել ուրանի հարստացումը:
Այս տեսանկյունից Թրամփը հարվածեց, որովհետև նա գտնվում է բավական մեծ ճնշման տակ՝ Իսրայելի, իր ուլտրալիբերալ, գլոբալիստ հակառակորդների, որոնք ԱՄՆ-ում են, Արևմտյան Եվրոպայում: Նկատենք, որ ԱՄՆ-ի հարվածի որոշումը կայացվեց եվրոպական եռյակի՝ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի ու Իրանի արտգործնախարարի հանդիպումից հետո:
Եվրոպական եռյակը, ըստ էության, Թրամփի քաղաքական հակառակորդներն են, տարօրինակ է նաև, որ Իրանը մասնակցեց այդ հանդիպմանը, որովհետև իրանական կողմը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ չի բանակցի, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել հարվածները:
Նույն Ֆրանսիան, Գերմանիան աջակցություն են հայտնել Իսրայելին, ու տարօրինակ էր, որ Իրանը գնաց նրանց հետ հանդիպման: Թրամփը կամ-կամ վիճակում էր ու մի կողմից ստիպված էր ինչ-որ բան անել, որովհետև բավական նկատելի է, որ Իսրայելի հարվածները այդուհանդերձ մեծ արդյունավետություն չունեն, ու Թրամփը որոշեց ուժ ցույց տալ՝ այս գործընթացում իր դիվանագիտական սուբյեկտությունը պահելու համար:
– Պարո՛ն Բադալյան, կան կարծիքներ, որ եթե ամեն բան խորանա, ապա սա կարող է երրորդ համաշխարհայինի սկիզբ դառնալ: Դուք կարծում եք, որ կա՞ն դրա նախադրյալները:
– Եթե երրորդ համաշխարհային պատերազմ ասելով՝ հասկանում ենք միջուկային տերությունների հարձակումներ միմյանց վրա, առավելևս՝ այդ առաջատար միջուկային հնգյակի, ապա հազիվ թե դա տեղի ունենա: Եթե խոսում ենք համաշխարհային քաոսի, ընդհանրապես ուժի գործադրման ու հիբրիդային մեխանիզմների մասին, այդ դեպքում երրորդ համաշխարհայինն արդեն ընթանում է, ու այնպես չէ, որ Իրանի շուրջ գործընթացով պետք է սկսվի:
Մենք տարբեր տարածաշրջաններում արդեն իսկ տեսնում ենք երրորդ համաշխարհայինի տարբեր դրսևորումները, աշխարհի վերաբաժանումը, ըստ էության, երրորդ համաշխարհայինն է, երբ մենք դիտարկում ենք, որ համաշխարհային կարգ է փոխվում ու աշխարհ է վերաբաժանվում: Հետևաբար, այս առումով, մենք դրա մեջ ենք արդեն տարիներ շարունակ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Իսրայելը չունի մաշող պատերազմի ռեսուրս, որովհետև այն բերելու է ուժերի այլ հարաբերակցության, զգալիորեն զիջելու է Իրանին. Հակոբ Բադալյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.