Փաշինյանի առաջարկն անլուրջ է. կամավորները չեն կարող լուծել համակարգի խնդիրները․ Պողոսյանը՝ առողջապահական ապահովագրության մասին
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը
– Տիկի՛ն Պողոսյան, արդեն 15 օր է, ինչ ուժի մեջ է մտել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, կխնդրեմ ներկայացնեք բուժհաստատություններում տիրող իրավիճակը: Ձեր դիտարկումներով, համակարգն ինչպե՞ս է հարմարվում նոր կարգին:
– 15-օրյա մեկնարկն այնքան էլ հուսադրող չէ, որովհետև ապահովագրության համակարգը ներդրվեց առանց պայմանագրերի, առանց օպերատորի, առանց հիմնադրամի ստեղծման: Ընդամենը տարվա վերջին օրը նշանակվեց հիմնադրամի տնօրեն, ու այս պահին առողջապահության համակարգն անգամ տեղյակ չէ, թե ովքեր են հիմնադրամում աշխատողները, այդ ամբողջ ծանրաբեռնվածությունը դրվել է Պետական առողջապահական գործակալության աշխատակիցների վրա, որոնք էլ լուծարման փուլում են ու չգիտեն, թե իրենց ճակատագիրն ինչ է լինելու:
Խառնաշփոթային իրավիճակում է մեկնարկը տրվել՝ առանց պայմանագրեր կնքելու, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում տեղյակ չեն ոչ մի գործառույթից, բուժանձնակազմը միմյանց հարցնելով փորձում է սպասարկել հիվանդներին: Հիվանդներից շատերին պարզապես խնդրում են գալ երկու-երեք շաբաթ հետո, մինչև հասկանան, թե ի՛նչ է կատարվում:
Այսօր Անահիտ Ավանեսյանը գործադիրի նիստի ժամանակ հպարտորեն հայտարարեց, որ 87 հազարից ավելի ապահովագրական գրանցված այցեր են ունեցել, որից 7,5 հազարից ավելին՝ արտահիվանդանոցային, 8,5 հազարից ավելին՝ հիվանդանոցային: Ինձ մոտ հարց առաջացավ․ իսկ այդ 70 հազարը ինչո՞ւ է դիմել, եթե նրանք ո՛չ հիվանդանոցային և ո՛չ էլ արտահիվանդանոցային շահառու են: Այսինքն՝ հասկանալի է, որ թվերը ճիշտ չեն, դրանք պարզապես թվեր են, որոնցով ուզում են տպավորություն գործել, իսկ իրական պատկերը բոլորովին այլ է, թող նախարարությունը պարզաբանի՝ ինչո՞ւ են դիմել այդ 70 հազար քաղաքացին:
Արմեդ համակարգում էլ խայտառակ իրավիճակ է. երբ քաղաքացիները մտնում գրանցվում են այդ համակարգում, տեսնում են իրենց բժշկական պատմությունը, որը, մեղմ ասած, անհասկանալի է: Կոնկրետ իմ օրինակով ասեմ․ երբ ես գրանցվեցի Արմեդում, պարզվեց, որ ես սուր շնչառական անբավարարությամբ բուժվել եմ Գավառի ԲԿ-ում, այնուհետև դիալիզ եմ ստացել Վանաձորի ԲԿ-ում, ապա ապենդիցիտի համար վիրահատվել եմ Ապարանի ԲԿ-ում: Այսինքն՝ այս քաոսում չի կարող լինել ապահովագրություն, հասկանում ենք, որ տասնյակ հարյուրավոր մուտքագրումներ այդ համակարգում սխալ են արվել:
Քաղաքացիներն արձանագրեցին, որ նման բազմաթիվ խնդիրներ կան նաև իրենց հետ կապված. Արմեդում երևում է, թե ինչպես է տղամարդը մանկաբարձ-գինեկոլոգի մոտ կոնսուլտացիա գնացել, թե ինչպես է երեխան իր բոլոր ատամները պլոմբել, բայց մայրը պնդում է, որ երեխային երբեք ատամնաբույժի չի տարել, ու այսպես բազմաթիվ ահազանգեր ու խնդիրներ: Կարող ենք ասել, որ առողջապահության համակարգում ստեղծված քաոս կա, ու այդ քաոսը ստեղծելուց առաջ պետք է բոլոր ռիսկերը հաշվարկվեին, ու բոլոր կանխատեսումները լինեին:
– Փաստորեն ներդրվել է մի համակարգ, որի կյանքի կոչման համար համապատասխան մեխանիզմներ չե՞ն եղել:
– Ներդրվել է մի համակարգ, որին ոչ միայն պատրաստ չէին, այլ նաև մի համակարգ, որի ռիսկերը չեն գնահատվել, ու որի լուրջ բարդությունների հետևանքները կրելու են բացառապես հիվանդները: Այս խնդիրները, որոնց մասին ասացի, տեխնիկական են, բայց մի քանի ամիս հետո մենք ունենալու ենք լուրջ խնդիր՝ ֆինանսների պակաս, որովհետև այս պահին արդեն, որպեսզի բացասական արձագանքներ չլինեն, չհիմնավորված 3-4 տուփ դեղ են դուրս գրում, այդ դեղորայքը կուտակվում է քրոնիկ բուժում ստացող հիվանդների տանը, իսկ դեղատներում արդեն տվյալ դեղորայքի դեֆիցիտ է առաջանում:
– Ձեր գնահատմամբ՝ նախարարությունը այս խնդիրներին տեղյակ չէ՞:
– Կարծում եմ, տեղյակ են, ու հաստատ այդ կարծիքներն իրենց էլ են հասնում: Այսօր ինձ տարակուսեց նաև այն, որ երկրի վարչապետն առաջարկում է կամավորական խմբեր կազմել, գնալ դեղատներ, բուժհաստատություններ ու պարզել, թե ի՛նչ խնդիրներ կան համակարգում: Ես ավելի լուրջ խորհուրդ կտամ․ գուցե կամավորական խմբեր կազմեն ու գնան նախարարություն խորհուրդ տան, որ փորձեն գոնե պայմանագրերը կնքել բուժկենտրոնների հետ: Կամավորները չէ, որ պետք է զբաղվեն ու վեր հանեն այն խնդիրները, որոնք ոլորտում առաջացել են հենց գերատեսչության ղեկավարների բացթողումների պատճառով:
– Տիկի՛ն Պողոսյան, իսկ ի՞նչ վատ բան կա վարչապետի այդ առաջարկի մեջ:
– Պետությունը, որն ունի կայացած համակարգեր, չի կարող կամավորներով ինչ-որ խնդիրներ վեր հանել, առավելևս՝ փորձել լուծել դրանք: Կամավորները առողջապահական օրենսդրության կամ կազմակերպման հետ ի՞նչ կապ կարող են ունենալ, մասնագետնե՞ր են լինելու, եթե ոչ, ապա մի քաոս էլ այդտեղ է առաջանալու:
Պետք է մասնագիտական խմբեր կազմել ու փորձել խնդիրները վեր հանել,
լուծել դրանք մասնագիտորեն ու փրկել այս կարևոր ռեֆորմը՝ ի շահ պետության ու ժողովրդի: Կամավորական խմբեր կազմելն անլուրջ է, որովհետև ոչ մի կամավոր չի կարող գտնել ապահովագրության օրենքի ու ենթաօրենսդրական ակտերի խնդիրներն ու հետո ներկայացնել դրանք ըստ էության:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Փաշինյանի առաջարկն անլուրջ է. կամավորները չեն կարող լուծել համակարգի խնդիրները․ Պողոսյանը՝ առողջապահական ապահովագրության մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
