Սոցիալական անարդարության, պարգևավճարի չափի մասով խնդիր չեմ տեսնում. այս ամենի գնահատականը կտա ժողովուրդը. Ալխաս Ղազարյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը
– Տիկի՛ն Ղազարյան, չեն դադարում քննարկումներն ու քննադատությունները պետական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների ստացած պարգևավճարների վերաբերյալ: Իրավապաշտպանների, քաղաքական ու հասարակական ակտիվ գործիչների բնորոշմամբ՝ կատարվածը սոցիալական անարդարության վառ դրսևորում է: Քննադատություններին ինչպե՞ս եք վերաբերվում:
– Քննադատություններին կողմ կամ դեմ լինելու հարց չկա, ուղղակի պետք է ուսումնասիրել և հասկանալ, թե ինչու են այդ գումարները տրամադրվել: Մենք բոլորս բավական երկար խոսել ենք այդ մասին, վարչապետն անձամբ նշել է, որ պետական համակարգի աշխատավարձերի բարձրացումն այսօր բավական լուրջ խնդիր է, վախենում են, որ բավական լուրջ քննադատություններ կլինեն, այդ իսկ պատճառով չէին շտապում որևէ փոփոխություն անել: Բայց հասկանալի է, որ պետական կառավարման համակարգը գրավիչ չէ աշխատողի համար, որպեսզի ներգրավվի աշխատանքի մեջ, այսինքն՝ աշխատավարձի ցածր լինելու պատճառով որակյալ մասնագետների արտահոսք է լինում, էլ չասեմ, որ ընդհանրապես չեն գալիս համակարգ աշխատելու: Սա բնականաբար բացասաբար է ազդում մարդկանց վրա, ու բազմաթիվ էին բողոքները, որ պետական համակարգում աշխատում են ոչ պրոֆեսիոնալներ, սա բնական է, որովհետև, եթե վարձատրությունը նորմալ չէ, որակյալ մասնագետ գտնելը հեշտ չէ:
Ես հասկանում եմ, որ ՀՀ քաղաքացիներին հատկապես ցնցել է այն հանգամանքը, որ պարգևավճար ենք ստացել, բայց ես չեմ տեսել նման ցնցում այն ընթացքում, երբ բազմաթիվ կրճատումներ են արվել, օրինակ՝ ժամանակին, երբ ԱԺ պատգամավորներն ունեին իրենց ուղեկցող մեքենաների մեծ խումբ, թիկնապահների շքախումբ և այլն: Այդ ամեն ինչի մասին, որ ամեն բան կրճատվել է, որ պատգամավորներն ու մյուս պաշտոնատար անձինք աշխատում էին բացառապես աշխատավարձի հիմքով, սրա վերաբերյալ որևէ գովասանքի խոսք, որևէ ցնցում չտեսանք: Մնացել է շատ կարճ ժամանակահատված, որ այս նստաշրջանն ավարտվի, նոր ընտրություններ են նշանակվելու, իսկ սա պիլոտային ծրագիր է, ու այնպես չէ, որ արվել է հենց այս կառավարության համար, նոր ընտրություններից հետո արդեն թող որոշվի հետագա անելիքը: Պետք է հասկանալ, որ սա ըստ կատարողականի տրվող հավելումներ են ու բաշխվել են ըստ կատարողականի:
– Գումարի չափի հետ կապված խնդիր չե՞ք տեսնում, որովհետև քննադատողները չեն ասում՝ թող պարգևավճար չստանան, խնդիրը այդ չափով պարգևավճարն է երկրում տիրող սոցիալական իրավիճակի համատեքստում:
– Տեսեք՝ յուրաքանչյուրի դեպքում այդ թիվը տարբեր է ու կախված է աշխատավարձի չափից, կատարողականից, այսինքն՝ որևէ մեկին ֆիքսված որևէ գումար չի տրվել, այլ դա եղել է կատարողականի ու աշխատավարձի հիմքով:
– Ձեր քաղաքական թիմը 2021-ի նախընտրական ծրագրում նախատեսում էր մինչև 2026 թվականը կենսաթոշակի միջին չափը 43,5 հազար դրամից դարձնել առնվազն 61 հազար դրամ, բայց կենսաթոշակի միջին չափը այսօր կազմում է ընդամենը 49 հազար դրամ: Մարդիկ սա են համադրում ձեր ստացած պարգևավճարների հետ ու հարց տալիս, թե ինչո՞ւ կենսաթոշակները չեն բարձրացվում, եթե բյուջեում այդքան գումար կա պարգևավճարների համար:
– Թոշակառուների կենսաթոշակը լրիվ այլ պատմություն է, ու թոշակն այս ընթացքում մենք շատ անգամներ ենք բարձրացրել, նույնիսկ 2018-ից մինչև 2025-ը ավելի շատ է բարձրացել, քան 1990 թվականից մինչև 2018-ը, միանշանակ կարող եմ ասել: Հետվճարի համակարգով էլ այսօր 20 տոկոս հետվճար ենք տրամադրում, այսինքն՝ այնպես չէ, որ թոշակառուներին անտեսել ենք, իսկ այս ամենը չնկատելը ես ուղղակի երեսպաշտություն եմ համարում:
– Փաստորեն սոցիալական անարդարության, գումարի չափի մասով խնդիր չեք տեսնում:
– Ճիշտն ասած՝ ո՛չ, որովհետև ես կարծում եմ, որ սոցիալական բարելավման տեսանկյունից պետք է որ բոլոր պետական համակարգերը շատ ավելի լավ աշխատեն ու միտված լինեն լավ աշխատելուն: Թոշակառուների հետ կապված համեմատություններն էլ ճիշտ չեն, որովհետև դրանք տարբեր համակարգեր են: Լավ պետական համակարգ ունենալու համար պետք է նաև նորմալ աշխատավարձ ունենալ:
– Կարծիքներ կան, որ հենց այս շրջանում է Նիկոլ Փաշինյանը նման որոշում կայացրել, որպեսզի ձեռք բերի քաղաքական լոյալություն, մի խոսքով, ըստ ձեր ընդդիմադիրների սա դասական քաղաքական կոռուպցիա է պետական մակարդակով՝ նախընտրական շրջանին ընդառաջ:
– Առաջին անգամ եմ դա լսում, բայց ես պետք է ձեզ ասեմ, որ այսօր մենք ինչ էլ անենք, ընդդիմության տեսանկյունից դա դիտվելու է նախընտրական քայլ: Աբսուրդ է ուղղակի այս խոսակցությունը: Մենք ապահովել ու շարունակելու ենք ապահովել մրցակցային, արդար ու թափանցիկ ընտրություններ, հետևաբար ընտրություններին ժողովուրդն ինքը գնահատական կտա այս ամեն ինչին:
– Ըստ ձեզ՝ ինչպիսի՞ն կլինի ժողովրդի գնահատականը, քաղաքական թիմում մտավախություններ կա՞ն ընտրություններից առաջ:
– Չի կարող որևէ մեկն ասել, որ ընտրություններից առաջ մտավախություն չունի, բայց միաժամանակ վստահությունն ավելի մեծ է, որովհետև բավականին մեծ աշխատանք ենք կատարել ու կատարում մեր ժողովրդի հետ: Մեր ժողովուրդն այդ ամեն ինչը հստակ զգում է իր մաշկի վրա՝ իր գյուղում, համայնքում, բակում ու առօրյա կյանքում:
Բոլոր այն բարեփոխումները, որ իրականացվել են, կարելի է օրերով թվարկել, հսկայածավալ աշխատանք ենք տարել, որի գնահատականը անխուսափելիորեն ժողովուրդը կտա, բայց ամենակարևորը՝ այն խաղաղությունն է, որ մենք բերեցինք: Մեկ տարի է՝ մեր ժողովուրդն ապրում է լիակատար խաղաղության մեջ, ու այդ գործընթացը շարունակում է արագ տեմպերով առաջ գնալ, բնականաբար մենք ձգտելու ենք էլ ավելի բարեկեցիկ կյանքի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Սոցիալական անարդարության, պարգևավճարի չափի մասով խնդիր չեմ տեսնում. այս ամենի գնահատականը կտա ժողովուրդը. Ալխաս Ղազարյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
