Սիմոնյանն ու Մատվիենկոն քննարկել են երկկողմ օրակարգը
Հայ-ռուսական հարաբերությունների վերջին զարգացումների ֆոնին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Խորհրդարանից փոխանցում են, որ նրանք քննարկել երկկողմ օրակարգին, միջխորհրդարանական կապերին վերաբերող հարցեր:
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան տարեդարձի առթիվ:
Նախորդ շաբաթ Հայաստանի վարչապետն այցելել էր Մոսկվա, հանդիպել նախագահ Պուտինի հետ:
Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունների բաց հատվածը ավելի քան 20 րոպե էր տևել, երկու երկրների ղեկավարները խոսել էին գրեթե հավասար՝ յուրաքանչյուրը 10-ական րոպե: Ռուսաստանի նախագահը հիշեցրել էր ԵԱՏՄ-ից Հայաստանի օգուտները, շեշտել, թե գազը ի տարբերություն այլ երկրների՝ Երևանին էականորեն էժան են վաճառում, արդարացրել ՀԱՊԿ-ի լռությունը, երբ Ադրբեջանը Հայաստանի վրա էր հարձակվել: Վերջում էլ հավելել էր, թե ինքը կուզենար ռուսամետ բոլոր ուժերը ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենան, այդ թվում՝ անազատության մեջ գտնվող և Ռուսաստանի անձնագիր ունեցողները՝ ըստ էության ակնարկելով Սամվել Կարապետյանին:
Փաշինյանը հակադարձել էր, ՀԱՊԿ-ի մասին ասել, որ կառույցը 2022-ին պետք է գործեր, Սահմանադրությունն էր մեջբերել, որ Պուտինին բացատրեր՝ ինչու Ռուսաստանի քաղաքացին չի կարող պատգամավորի, վարչապետի թեկնածու լինել՝ չմոռանալով նաև Ռուսաստանի ղեկավարին պատմել, թե ինչ ժողովրդավար երկիր է Հայաստանը:
Հանդիպման հաջորդ օրը ՌԴ փոխվարչապետը տնտեսական ռիսկերի մասին էր ակնարկել: Ռուսաստանը, որ մշտապես դժգոհել է Հայաստանի Եվրամիության հետ մերձենալու ձգտումներից, առավել կոշտացրել էր հռետորաբանությունը նաև TRIPP-ի հարցով՝ սրան ավելացնելով երկաթուղու խնդիրը: Դրա կառավարումը այլ երկրի փոխանցելուն Մոսկվան դեմ է:
Մոսկովյան բանակցությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողված էր որակել:
