«Հաց բերողի» փաստաբանին կարգապահական տույժի ենթարկելը փաստաբանն անհեռատես քայլ է համարում, ՓՊ–ն համամիտ չէ
Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի և Թեհմինե Ենոքյանի բողոքի համաձայն:
Երեկ Փաստաբանների պալատի խորհուրդը մեղավոր է ճանաչել փաստաբան Տիգրան Եգորյանին և նշանակել կարգապահական տույժ՝ 8 ժամ դասընթաց Քրեական դատավարության ոլորտի վերաբերյալ 6 ամսվա ընթացքում:
Այս առնչությամբ Tert.am-ը զրուցեց փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ, ում խոսքով՝ Փաստաբանների պալատի որոշումն անակնկալ չէր:
«Փաստաբանների պալատի վերջին չորս տարվա գործունեությունը բացարձակապես անակնկալներ չի պարունակում, ամեն ինչ պարզ է և կանխատեսելի: Ակնհայտ է, որ ի սկզբանե որոշված գործընթաց էր, ձևականորեն պետք էր ապահովել ինչ-որ օրինական ընթացք, սակայն անգամ ձևական կողմն այլևս չեն կարողանում ապահովել»,-ասաց նա։
Թե որն է պատճառը, Երվանդ Վարոսյանն ասաց, որ նախ Փաստաբանների պալատը չունի այն խորհուրդը, որը նախատեսված է օրենքով, և Պալատի նախագահին հակակշիռ մարմինը չկա:
Նա նշեց, որ գոյություն ունեցող մարմինը Պալատի խորհուրդը չէ, կան մարդիկ, ովքեր պարբերաբար հավաքվում են. «Հավաքվում են մարդիկ, որոնց մի մասն Արա Զոհրաբյանի աշխատողներն են, մի մասը նրա կողմից տարբեր պաշտոնների են նշանակված, այնտեղ խորհուրդ չկա: Երբ Եգորյանը բացարկ էր հայտնում Մելանյա Առուստամյանին, Արա Զոհրաբյանի ենթակա անձը՝ Առուստամյանը «ազնիվ խոսք» էր տալիս, որ ինքը անաչառ կգտնվի: Սա ինչի՞ է նմանվում, Փաստաբանների պալատը փաստաբանության գլխին մահակ է դարձել, և դա երեկ գիշեր ի չիք չդարձավ»:
Երվանդ Վարոսյանի խոսքով՝ ՓՊ նախագահը նման որոշում կայացնելով՝ հերթական անգամ անհեռատեսություն է դրսևորել. «Նա չգիտի, թե ինչ «պանդորայի արկղեր» են բացվում: Ինչ-որ կողմնակի հիմնադրամի երկու հոգաբարձու դիմում են գրում և ասում են, որ պաշտպանը լավ չի պաշտպանել իր պաշտպանյալին, իսկ Պալատը կարգապահական տույժ է նշանակում: Փաստաբանությունը մի ոլորտ է, որտեղ վեճ կարող են ունենալ միայն պաշտպանն ու պաշտպանյալը: Կողմնակի անձանց գործ չի սա: Իսկ այս որոշումը ենթադրում է, որ ցանկացած անձ, ցանկացած գործով իրականացրած պաշտպանություն կարող է հարցականի տակ դնել և Փաստաբանների պալատը ստիպված է ընկնել այդ կարգապահական վարույթների հորձանուտի մեջ, սա անհեռատես քայլ է»:
Վարոսյանն ասաց, որ կարծում է, որ Տիգրան Եգորյանը հնարավորություն ունի սպառելու ներպետական ատյաններն ու դիմելու ՄԻԵԴ. «Հայաստանում ոչինչ սպասել պետք չէ, քանի դեռ Վճռաբեկ դատարանի նախագահը Արման Մկրտումյանն է»:
Փաստաբանների պալատից փաստաբան Եգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ պալատի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.6.1 և 2.7.2 ենթակետերի առերևույթ խախտման հատկանիշներով։
Հարցին, թե փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ու տույժի ենթարկելն արդյոք չի ենթադրում, որ ցանկացած երրորդ անձ կարող է միջամտել և հարցականի տակ դնել պաշտպանի գործունեությունը,ՓՊ խոսնակն ասաց.
«Եթե խնդիրը վերաբերում է փաստաբանի կողմից վստահորդին բարեխիղճ իրավական օգնություն ցույց տալը գնահատելուն, ապա ՀՀ փաստաբանների պալատը հաշվի է առնում նաև վստահորդի դիրքորոշումը։
Փաստաբան Տիգրան Եգորյանի վերաբերյալ կայացված ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշումը ստանալուց հետո նոր կարելի է պարզել, թե խորհուրդն ինչ փաստական և իրավական հիմնավորումներով է պատասխանատվության ենթարկել Տիգրան Եգորյանին»։
Փաստաբանների պալատից հայտնեցին, որ դռնփակ նիստով է ընթացել խորհրդի՝ ապացույցների հետազոտման փուլը, հետևաբար խորհրդի որոշումն ամբողջությամբ պալատը չի հրապարակելու, այլ ներկայացնելու է միայն խախտման բնույթը.«Բոլոր դեպքերում, խորհրդի որոշումը հանձնվելու է փաստաբան Տիգրան Եգորյանին և վերջինս կարող է հրապարակման հարցը տնօրինել՝ սահմանված կարգով»։
