Հանրաքվե 2020. ի՞նչ պետք է անեն քաղաքական ուժերը
Սահմանադրությունը փոխելու նպատակով անցկացվելիք հանրաքվեի իրավական կողմի մասին այլևս ժամանակավրեպ է խոսել. հարցն արդեն մտել է քաղաքական փուլ, և հանրաքվեն դիտարկվում է որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվե։ Անիմաստ է նաև քննարկել տակտիկական բոլոր այն տարբերակները, թե ՍԴ դատավորների մեջ հրաժարական տվողներ կլինե՞ն, թե ոչ, և եթե կլինեն, ապա երբ ու ինչ տեղի կունենա հանրաքվեից օրեր առաջ նրանց հրաժարականի դեպքում, երբ օրենքը չի նախատեսում հանրաքվեի չեղարկում։ Համարենք, որ հանրաքվեն տեղի կունենա, ուստի՝ ի՞նչ պետք է անել մինչ այդ պահը, առավելևս՝ ի՞նչ պետք է անել հանրաքվեից հետո՝ անկախ քվեարկության արդյունքներից։
Հանրաքվեի վերաբերյալ հանրությունն իր վերաբերմունքը կարտահայտի իր մասնակցությամբ՝ «դեմ» կամ «կողմ» քվեարկելով, կամ էլ՝ բոյկոտով։ Այս ակտիվ քաղաքական գործընթացում ի՞նչ պետք է անեն քաղաքական ուժերը։ Իշխանությունները «պատերազմ են հայտարարել» նախկիններին, այն նախկիններին, որոնց հաղթել են դեռ երկու տարի առաջ, իսկ վերջիններս չեն պատրաստվում «պատերազմել» նրանց դեմ։
Մնացյալ ընդդիմադիր ուժերից այն մասը, որոնք կլծվեն «այո» քարոզելուն, եթե Փաշինյանը հաղթի, ապա այդ ուժերը չեն հաղթի, քանի որ սա իրենց «պատերազմը» չէ, փոխարենը իրենց վրա կվերցնեն Փաշինյանի կառավարության այս տարիների սխալներն ու նաև պատասխանատվություն կկրեն վարչապետի ու նրա թիմի հետագա սխալների համար։ Իսկ եթե Փաշինյանը ձախողվի հանրաքվեի արդյունքում, ապա նրան սատարող ընդդիմադիր ուժերը կպարտվեն նրա հետ միասին։ Եթե նրանք հույս ունեին, որ ներկա ու նախկին իշխանությունների հակամարտության պարագայում իրենք ապագայի ուժն են, ապա այդ շանսը կկորցնեն այս պայքարի մեջ կոնֆլիկտի կողմ դառնալով, դրանից բխող բոլոր հետևանքներով։
Իսկ այն ընդդիմադիր ուժերը, որոնք կլծվեն ակտիվորեն «ոչ» քարոզելուն, ապա Փաշինյանի հաղթանակի դեպքում իրենք կպարտվեն, ու իրենց ոչ արժանի տեղը կզբաղեցնեն նախկինների կողքին, նրանց սխալներն իրենց վրա կվերցնեն, ու պետք է այլևս բացառեն, որ կարող են լինել ապագայի ուժ։ Իսկ Փաշինյանի պարտության դեպքում այդ ուժերը չեն հաղթի, քանի որ այդ պարագայում դա կլինի «պատերազմին» չմասնակցած նախկինների հաղթանակը, իսկ իրենք ընդամենը կդառնան նրանց արբանյակ ուժ, որին այդ հաղթանակից ոչինչ չի հասնի, բացի նախկինների թույլ տված ու սպասվելիք սխալների «փայատեր» դառնալը։
Ու եթե գտնում ենք, որ մեր երկրին այլընտրանքային լուրջ ընդդիմադիր ուժ է պետք՝ գաղափարական, փորձառու գործիչներով, ու երբ հասարակությունն արդեն հոգնել է օրվա իշխանավորների ու նախկինների այս անպտուղ հակամարտությունից, ապա նոր՝ ապագային միտված ծրագրերով ընդդիմությունն այս փուլում պետք է պահպանի ակտիվ չեզոքություն։ Ասել է թե՝ ո՛չ «այո» քարոզի, ոչ՝ «ոչ», ոչ էլ՝ բոյկոտ, այլ հանրությանը ներկայացնի, թե ինչ պետք է արվի երկիրը զարգացման հուն մտցնելու համար՝ անկախ հանրաքվեի արդյունքներից։ Սա, անշուշտ, չի վերաբերում խորհրդարանական ընդդիմադիր ուժերին, քանի որ նրանց պարագայում սա ոչ թե ակտիվ չեզոքություն է, այլ՝ իներտ վերաբերմունք, կրավորական կեցվածք, քանի որ այդ ուժերը հեղափոխության ժամանակ ջանքուեռանդ չէին խնայում, որպեսզի համոզեն, որ ժողովրդի կողքին են, ու եթե ժողովուրդը Փաշինյանին է առաջնորդ ճանաչում, ապա՝ իրենք նույնպես։ Վերջին խորհրդարանական ընտրություններին այդ ուժերը այնպիսի քարոզչություն էին տանում, որ մնում են ժողովրդի կողքին, ապրում են նրա ցավուդարդով, հասարակությունը նրանց ինչ–որ չափով վստահել է, ու ոչ մի պարագայում նրանք անհրաժեշտ ձայներ չէին հավաքի այն էյֆորիկ ժամանակներում, եթե կոշտ ընդդիմադիր դիրքորոշում ունենային Փաշինյանի հանդեպ։ Այնպես որ, նրանք ուզեին թե չուզեին դիրքորոշում պետք է հայտնեին՝ «այո» կամ «ոչ», ու նաև հիմնավորեին, թե ինչու, բայց ոչ երբեք՝ «ոչինչ», եթե հանրությանը մեր երկրի ապագայի հանդեպ ծրագրեր են ուզում ներկայացնել ու վստահության քվե ստանալ հաջորդ ընտրություններում։
Նախկիներն իրենց պաշտոնավարման տարիներին այնքան քամահրանքով էին խոսում «պողոսների» հետ ու նրանց մասին, մինչև մերժվեցին հենց նրանց ձեռքով, ու եթե հեղափոխությունից երկու տարի անց չեն գտել ձևը «պողոսների» խաթրն առնելու, նրանց կառավարելու կամ էլ առաջնորդելու, ու եթե «պողոսները» դարձյալ իրենց քվեարկությամբ իրենց ձևավորած իշխանությամբ շարունակելու են մեզ ղեկավարել, ուրեմն շատ փորձառու նախկին գործիչներ ավելի «պողոս» են, քան նրանք, ովքեր այդ բնորոշմանն արժանացել են, ուղղակի «նազարի բախով» ինչ-որ պահի գտնվել են բարձր դիրքերում, ինչը կորցրել են ու ոչ մի կերպ չեն հաշտվում դրա հետ։
Իրավական առումով այս հանրաքվեն ծայրից ծայր հակասահմանադրական է, անիմաստ ծախսեր, անիմաստ քայլեր, փորձ անել ենթարկեցնել մի կառույց գործադիրին, որն իր ինստիտուցիոնալ ու ֆունկցիոնալ իմաստով չպետք է ենթակա լինի գործադիրին, ընդհակառակը՝ պետք է հակակշռի, բայց քաղաքական առումով այս հանրաքվեն միանգամայն տեղին է ու ժամանակին, անգամ ծախսերն են արդարացված՝ քաղաքական վայրիվերումների փուլը վերջապես ավարտին հասցնելու առումով։
Եթե Փաշինյանը հավաքի բավարար ձայներ, հուսանք, որ այն կծառայի երկիրը զարգացնելուն, աշխատատեղեր ստեղծելուն, ներդրումների ավելացմանը։ Եթե Փաշինյանը կպարտվի, հուսանք կհասկանա, որ ամեն ինչ ձախողելով ու հույսը դնելով հասարակական վստահության վրա, արդյունավետ չի կարող լինել ու պետք է հեղափոխություն անել «վերևներում» ու «վերևներից», ավելի ճիշտ վերևինների ուղեղներում։
Եթե նախկինները պարտվեն, անգամ այն «պատերազմում», որին չեն մասնակցել, հուսանք, որ այս անգամ դա կլինի արժանապատիվ պարտություն, հետ կքաշվեն, որպեսզի տեղ բացեն ընդդիմադիր լուրջ ուժի ձևավորման համար, որին մաս կկազմեն նաև նախկիների փորձառու, գրագետ ու ապագային նայող գործիչները։
Այլընտրանքային ընդդիմադիր ուժերը, որ այս ընթացքում թվում է թե անելիք չունեն, քանի որ սա իրենց «պատերազմը» չէ, հուսանք այս ընթացքում կանեն կարևոր կազմակերպչական քայլեր, որպեսզի հանրաքվեից հետո ձևավորվի լուրջ ընդդիմադիր բևեռ կամ բևեռներ։ Իսկ այն ուժերը, որոնք կատաղի ձևով ներգրավվելու են «այո»-ին կամ «ոչ»-ին, հուսանք գիտակցում են, թե ինչ են անելու հանրաքվեից հետո և ինչի համար է իրենց այս զոհաբերությունը, երբ անկախ նրանից՝ ով կհաղթի, իրենք պարտվելու են, կամ լավագուն դեպքում չեն հաղթելու, ու այս վիճակը դեպքերի ցանկացած զարգացման պարագայում անխուսափելիորեն հանգեցնելու է նրանց պարտության։
Վռամ Սուքիասյան