Իրանում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները
Իրանում փետրվարի 21-ին կայացել են խորհրդարանական ընտրությունները: Ընտրատեղամասերը փակվել են երկրի ամբողջ տարածքում: Այժմ ընթանում է ձայների հաշվարկը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Աղբյուրի հաղորդմամբ` ընդհանուր առմամբ ընտրություններն անցել են առանց լուրջ խախտումների և հանգիստ, սակայն անվտանգության ուժեղացված հսկողությամբ: Միևնույն ժամանակ` Իրանի ԶԼՄ-ները հաղորդել են մի քանի տասնյակ ձերբակալվածի մասին, որոնք փորձել են ձայներ վաճառել:
Հիշեցնենք, որ 290 պատգամավորական տեղի համար պայքարում է ավելի քան 7000 թեկնածու, որոնց թեկնածությունները հաստատել է Սահմանադրության հսկողության խորհուրդը: Սկզբնական փուլում թեկնածություն էին առաջադրել ավելի քան 15 000 անձ, որոնց մի մասը հանել է իր թեկնածությունը, մի մասի թեկնածությունն էլ չի հաստատել Սահմանադրության հսկողության խորհուրդը, արդյունքում թեկնածուների թիվը կրճատվել է ավելի քան կեսով:
Ընտրություններն անցկացվել են ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումների ժամանակահատվածում և կորոշեն, թե ովքեր են ղեկավարելու խորհրդարանը. ռեֆորմիստնե՞րը, որոնք համարվում են նախագահ Հասան Ռոհանիի կողմնակիցները և ներկայում մեծամասնություն են կազմում խորհրդարանում, թե՞ պահպանողականները, որոնք կառավարության քաղաքականության հակառակորդներն են: Ըստ փորձագետների` ավելի մեծ շանսեր ունեն վերջինները:
