Այս պահին Հայաստանում կորոնավիրուսի որևէ դեպք գրանցված չէ. Նարեկ Զեյնալյան
Այս պահին Հայաստանում կորոնավիրուսի որևէ դեպք գրանցված չէ, որոշակի խուճապ կա բնակչության շրջանում, ինչը հասկանում եմ, բայց խուճապն ավելի շատ է քան իրականում պետք է լինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:
Նա նշեց, որ ռիսկեր, բնականաբար, կարող են լինել, բայց այս պահին արվում է առավելագույնը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Իրանի հետ սահմանը մասնակի է փակ և նշվում է, թե պատշաճ հսկողություն չի իրականացվում, պատգամավորն ասաց. «Իրանից վարկավածների և վիրուսի տարածման վերլուծություն ենք ստանում, ուստի, որոշում կայացվեց սահմանը մասնակի փակել: Բեռնափոխադրումների համար սահմանը բաց է: Հաշվի առնելով, որ առջևում իրենց տոնն է և կարող է Իրանի քաղաքացիների մեծ հոսք լինել, այդ իսկ պատճառով որոշում կայացվեց երկշաբաթյա ժամկետով դադարեցնել հոսքը, որ հնարավոր լինի վերահսկել»:
Զեյնալյանը նշեց, որ անցկացնում բժիշկներ կան, մեկուսացնելու համար համապատասխան տարածք, իսկ բեռնատարների վարորդների նկատմամբ ճիստ հսկողություն և հետազոտություն է իրականացվում, եթե անհրաժեշտություն լինի՝ կմեկուսացվեն կամ կհոսպիտալացվեն:
Դիտարկմանը՝ վիրուսն ունի գաղտնի փուլ, ուստի կարող է սկզբնական շրջանում չհայտնաբերվել, նա ընդգծեց, որ ՀՀ-ում կան Իրանի քաղաքացիներ, Իրանում էլ կան ՀՀ քաղաքացիներ, նրանց համար ճանապարհը բաց է: «Մի բան է վերահսկել ընդամենը մեկ, երկու վարորդի, մեկ այլ բան է հարյուրավոր քաղաքացիների: Բնականաբար, այդ դեպքում վերահսկողությունը շատ ավելի բարդ է քան մեկ-երկու անձի հսկողությունը, բայց այս պահին յուրաքանչյուր անձի ստուգում և հսկողություն արվում է՝ տաքությունն է չափվում, եթե հարբուխի կամ այլ նշաններ կան, որոնք բնորոշ են կորոնավիրուսին, անմիջապես հոսպիտալացվում են և ստուգվում է փաստը՝ առկա՞ է արդյոք կորոնավիրուս»,- նշեց նա և հավելեց, որ Իրանի քաղաքացիները կարող են տեղափոխվել Իրան, իսկ այնտեղ գտնվող մեր քաղաքացիները հնարավորություն ունեն տեղափոխվելու Հայաստան:
Նա համաձայնեց, որ վիրուսն ունի գաղտնի շրջան, բայց վստահեցրեց՝ ամեն ինչ հսկողության տակ է:
Զեյնալյանը նշեց, որ սահմանի՝ երկու շաբաթով փակելու որոշումը ժամանակավոր է, որ ամենօրյա ռեժիմով ստացված տվյալների վերլուծություն է իրականացվում, և եթե անհրաժեշտ լինի՝ սահմանը կշարունակի փակ մնալ, եթե ոչ՝ կբացվի:
Ինչ վերաբերում է բժշկական դիմակների և հակավիրուսային դեղորայքի հնարավոր թանկացմանը, և այն որ դիմակներ չկան, նա պատասխանեց. «Որքան նկատել եմ, այս պահին կարծես դեղատներում բժշկական դիմակները բացակայում են, բայց սա չհիմնավորված խուճապի արդյունք է, որ բնակիչները դիմակ են պահեստավորում իրենց տանը, որը բացարձակ անիմաստ է: Ավելին՝ դիմակը 100 տոկոս վարակվելուց զերծ չի պահում: Հետևում ենք, ունենք բավականաչափ պահեստավորված դիմակներ և բացառելու ենք, որ հակավիրուսային դեղորայքի կամ դիմակների թանկացում լինի»:
Ինչ վերաբերում է դիտարկմանը՝ արդյո՞ք մասնագետները պատրաստ են, եթե այդուհանդերձ վիրուսը հասնի Հայաստան, նա նշեց. «Եթե համեմատության մեջ վերցնենք H1N1 վիրուսի հետ, այնտեղ մահացության դեպքն ավելի բարձր էր, քան այս դեպքում է: Եթե համեմատում ենք՝ խուճապը ավելի շատ է, քան պետք է: Մահացությունն ընդամենը 2.7 տոկոս է, շատ ավելի մեծ թվով ապաքինվածներ կան նաև հիվանդների շրջանում: Հիմա քննարկվում է բոլոր հնարավոր դեպքերը՝ նույնիսկ մինչև եթե հայտնաբերվի ՀՀ-ում վարակակիր, այդ սխեման ինչպես է արվելու, ինչպես է մեկուսացվելու, որտե՞ղ է մեկուսացվելու, այդ ամենը քննարկման փուլում է: Մենք այս պահին ամբողջությամբ պատրաստ ենք»,- ասաց նա:
Հարցին էլ՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ամեն ինչ բավականաչափ արվո՞ւմ է, որ այդ խուճապը չլինի, նա ասաց. «Կարծում եմ, որ կարելի էր հանրության հետ մի քիչ ավելի ինտենսիվ խոսել, օբյեկտիվ տեղեկատվություն տարածել, որ մեղմվեր տարածված այս խուճապը, որ հիմա կա»: