Չինաստանում համաճարակի հաղթահարման ֆոնին վերականգնվել է ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների 89 տոկոսը
Չինական ընկերությունները երկրի ողջ տարածքում ավելի քան 89 տոկոսով վերսկսել են հիմնական ենթակառուցվածքների շինարարությունը, ինչը պայանանավորված է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում իրավիճակի կարգավորմամբ:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին շաբաթ հայտարարել է Չինաստանի զարգացումների և բարեփոխումների հարցով պետական հանձնաժողովի ներդրումների վարչության ղեկավարը՝ նշելով, որ դրությունը տարբեր նահանգներում տարբեր է:
«Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված՝ Լուսնային օրացույցով Նոր տարվա տոնակատարությունից հետո դժվարություններ էին ի հայտ եկել խոշոր ենթակառուցվածքային շինություններում աշխատանքի վերականգնման հարցում: Համատեղ ջանքերի շնորհիվ իրավիճակն աստիճանաբար կարգավորվում է: Եթե չհաշվենք Հուբեյ նահանգը, Չինաստանի մյուս նահանգներում շուրջ 11 000 նման կարևոր նախագծեր կան, որոնց 89 տոկոսում մարտի 20-ին վերականգնվել են գործունեությունը»,- ասել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Չինաստանի հարավային շրջաններում շինարարական աշխատանքների վերականգնումը կազմում է 98 տոկոս, մինչդեռ հյուսիսային շրջաններում՝ 60 տոկոս:
