Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանն աջակցել են հրեական համայնքի առաջնորդները. Haaretz
Իսրայելական Haaretz պարբերականն անդրադարձել է Թուրքիայի իշխանությունների՝ Հայոց ցեղասպանության ժխտողականության քաղաքականությանը՝ ներկայացնելով Լոնդոնյան տնտեսագիտության դպրոցի պատմաբան Մարկ Դևիդ Բերի վերլուծական հոդվածը:
Ամերիկացի պատմաբանը, որն ուսումնասիրում է քրիստոնյաների, հրեաների և մուսուլմանների ընդհանուր պատմական աղերսները, նշել է, որ Ցեղասպանությունը հերքելու հարցում Թուրքիայի իշխանություններին աջակցություն են ցուցաբերել նաև հրեական համայնքի առաջնորդները: Նրանք փորձել են հավաստիացնել, որ հուսալի դաշնակիցներ են՝ Ցեղասպանության ճանաչման դեմ արշավ իրականացնելով Իսրայելում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում:
Հոդվածագիրը նշում է, որ Օսմանյան կայսրությունը 15-րդ դարի վերջին ընդունել է Իսպանիայից և Պորտուգալիայից վտարված հրեաներին: Վերջիններս էլ թուրք սուլթանին ընկալել են որպես իրենց փրկիչ և պաշտպան: Հետագայում հրեաները ձգտել են ապացուցել իրենց հավատարմությունը Թուրքիային՝ նպաստելով ժխտողական քաղաքանության առաջխաղացմանը:
«Դա տեղի է ունեցել հայերի առաջին զանգվածային սպանություններին զուգահեռ: Իրենց ներկայացնելով որպես սուլթանին հավատարիմ ենթականեր՝ օսմանյան հրեաների առաջնորդներն անցել են սուլթան Աբդուլհամիդ Երկրորդի կողմը՝ ընդդեմ հայերի, որոնք էլ դարձել են նրանց ընդհանուր թշնամին»,- գրում է պատմաբանը:
Բացի այդ, նա հավելում է, որ Հայոց ցեղասպանությունից հետո հրեական համայնքում վախի և տագնապի մթնոլորտ էր տիրում, իսկ օսմանյան թերթերում հակահրեական նյութեր էին հրապարակվում:
«Հայոց ցեղասպանության ժխտմանն աջակցեց նաև Իսրայելի կառավարությունը՝ նախագահներ Շիմոն Պերեսը և Մոշե Կացավը, ինչպես նաև ԱԳՆ-ն և գրեթե բոլոր խոշոր իսրայելա-ամերիկյան կազմակերպությունները: Թեև Իսրայելի կազմավորման գործընթացը 1948-ին արագացվել է նացիստների կողմից իրականացված հրեական ցեղասպանությամբ, Իսրայելը չի հիշում Հայոց ցեղասպանության մասին: Հրեական պետությունն առաջինը պետք է ճանաչեր ցեղասպանությունը, որտեղ էլ այն տեղի ունեցած լիներ, սակայն նախընտրում է պաշտոնական լռություն պահպանել՝ չհակադրվելով իր ռազմական և տնտեսական դաշնակցին՝ անկախ Թուրքիայի ներկայիս առաջնորդի հակասեմական և հակաիսրայելական հռետորաբանությանը»,-ասվում է հոդվածում: