Լանզարոտի կոնվենցիան բազմաթիվ խնդրահարույց կետեր է պարունակում, այն չի անցել հասարակական արհեստավարժ քննություն․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)
Լանզարոտի կոնվենցիայի առնչությամբ քննարկումները չեն դադարում: Մեր երկրի խորհրդարանը, ինչպես գիտեք, արդեն վավերացրել է այս կոնվենցիան, որը բազմաթիվ խնդրահարույց կետեր է պարունակում իր մեջ և որը չի անցել հասարակական արհեստավարժ քննություն: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Գասպարյանը։
Գասպարյանի դիտարկմամբ՝ կոնվենցիայի նպատակը սեռական բռնությունից երեխաներին զերծ պահելն է, նրանց իրավունքների պաշտպանությունը:
«Մասնագետներն ու կոնվենցիային ընդդիմացողները փաստարկում են՝ 2-րդ հոդվածն ունի ենթատեքստ: Օրինակ՝ ի՞նչ է նշանակում, որ սեռական բռնության զոհ դարձած երեխայի իրավունքը պետք է պաշտպանվի նաև սեռական կողմնորոշման հատկանիշով: Սա միաժամանակ քննարկման մի քանի թեմա է բացում: Ի՞նչ է նշանակում երեխայի սեռական կողմնորոշում, արդյո՞ք երեխան գիտի՞ կամ պե՞տք է այդ տարիքում իմանա այդ ամենը, ինչո՞վ են զբաղվում այդ իրավապաշտպան հորջորջվածները, արդյո՞ք վստահելի են, հուսալի, օբյեկտիվ, թաթախվա՞ծ են կոռուպցիոն կամ այլ հանցագործություններում, իրավաբանական ի՞նչ կենսագրություն ունեն, բարոյապես կարո՞ղ են նման պատասխանատվություն վերցնել, ի՞նչ երաշխիքներ կան, որ երեխաների թրաֆիքինգով չեն զբաղվում, կամ որքա՞ն պաշտպանված կլինի երեխան նրանց ձեռքում, և այլն, ևայլն»,- մանրամասնել է նա և նշել՝ սրանք հարցեր են, որոնց պատասխանը միարժեք չէ:
«Այս հարցը կապված չէ պետության վարչակարգի կամ կառավարման ձևի հետ: Այսինքն՝ եթե մի երկրում երեխաների սեռական բռնության տոկոսը բարձր է, պարտադիր չէ, որ այդ երկիրը լինի ոչ ժողովրդավարական: Այս հարցն ավելի շատ բարոյականության, էթիկական նորմերի, մշակույթի ու հանրային ընկալումների դաշտում է, քան որևէ իշխանության բնույթի»,- ասել է Գասպարյանը։
Գասպարյանը ներկայացրել է Թուրքիայի օրինակը՝ ներկայացնելով 3 տարվա տվյալներ․ այնտեղ երեխաներին սեռական ոտնձգության ենթարկելու համար դատապարտված 3 հազար հանցագործ չենթարկվեց պատժի, որովհետև նրանք ամուսնացան այդ երեխաների հետ և խուսափեցին պատասխանատվությունից:
«Ի դեպ, ամենափոքրը եղել է 5 տարեկան: Թուրքիան վավերացրել է այդ կոնվենցիան, երեխաների պաշտպանությամբ զբաղվող 396 կազմակերպություն կա այդ երկրում: Մի պահ նայեք էկրանին և տեսեք Աջըբադեմ համալսարանի պրոֆեսոր Օղուզ Փոլաթի ուսումնասիրությունն ու վիճակագրությունը:
2016-2017 թթ-ին, 11 տարեկանից ցածր 2487 աղջիկ և 124 տղա ենթարկվել է սեռական ոտնձգության ու բռնաբարության: 12-14 տարեկան 3688 աղջիկ ու 563 տղա էլ՝ սեռական շահագործման ու տարատեսակ վիրահատությունների է ենթարկվել»,- մանրամասնել է Գասպարյանը և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան վավերացրել է Լանզարոտի կոնվենցիան, այնտեղի դպրոցներում սեռական դաստիարակության վերաբերյալ առանձին մեթոդական ձեռնարկներով անցնում են այս թեման․ «Դրանից, ինչպես տեսանք, ոչ դեպքերն են նվազել, ոչ մեր հարևանը դարձել է ավելի բարեկիրթ, ժողովրդավարական կամ ժամանակակից եվրոպացի»։