Միտո՞ւմ, թե՞ անփութություն․ ինչու Շուշիի թանգարանային ֆոնդը չի տարհանվել և ինչպես են թշնամուն մնացել Գառզուի, Սարյանի, Ժանսեմի աշխատանքներն ու այլ արժեքավոր նմուշները (տեսանյութ)
Անփութությա՞ն, թե՞ մարդկային գործոնի հետևանքով ժամանակին դուրս չեն բերվել Շուշիի միանգամից 3՝ կերպարվեստի, երկրաբանության և պատմության թանգարանների մշակութային արժեքները, ինչի հետևանքով դրանք ամբողջովին անցել են Ադրբեջանին: «Շուշիի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Արցախի կառավարությունը հավաքածուները տարհանելու հրաման չի տվել, իսկ ինքը իրավունք չուներ ինքնագործունեությամբ զբաղվել. «Եթե առանց թույլտվության անձամբ մեքենա կանչեի, թանգարանային նմուշները լցնեի այդ մեքենայի մեջ ու տարհանեի, իսկ ճանապարհին ռմբակոծեին ավտոմեքենան, ո՞վ էր պատասխան տալու դրա համար»:
ՊՈԱԿ-ի տնօրենը պատմել է, որ հայկական երկրորդ պետության շարժական արժեքները փրկելու նպատակով ստեղծվել էր կառավարական հանձնաժողով, հնարավոր վայրերում էվակուացրել են ցուցանմուշները, բայց Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համարել է, որ Շուշիի թանգարանների գանձերը, որտեղ եղել են նաև Սարյանի, Գառզուի, Ժանսեմի կտավները, ապահով են ռմբապաստարանում, որը եղել է կերպարվեստի թանգարանի նկուղը: Եռակողմ համաձայնագրի ստորագրման պահին դրանք այդտեղ էլ մնացել են, այնինչ կա օրենքով սահմանված տարհանման գաղտնի կարգ, որտեղ նշված են, թե արտակարգ իրավիճակների որ սցենարի դեպքում ինչ պետք է անել. փաստացի՝ կարգը մնացել է թղթի վրա:
Հայաստանի մշակույթի նախկին նախարարության նախկին փոխնախարար Արև Սամուելյանը, որը 9 տարի համակարգել է այդ ոլորտը, Tert.am-ին ասել է, որ պատերազմի օրերին փորձել է իր օգնությունն առաջարկել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ԿԳՄՍ նախարարություններին, բայց որևէ կերպ չեն արձագանքել. «Մարդիկ մտածել են, որ կկարողանան կառավարել: Սա ցավալի դաս պետք է լինի մեզ համար, որ չի կարելի անփույթ լինել և մշակույթը ստորադասել ամեն ինչին: Դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին»:
Արև Սամուելյանի խոսքով՝ ինչ-որ կերպ կարելի է ըմբռնել Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանի, Տողի մելիքական ապարանքի կորուստը, քանի որ աշխատակիցները հանկարծակիի են եկել, երբ պատերազմը վրա է հասել, բայց Շուշիինը այդ դեպքը չէր. «Համաձայն պլանի՝ պետք է տարածքից հանվեին մշակութային գանձերը, բայց նույն շենքի նկուղը ինձ մոտ չի ասոցացվում տարհանման հետ: Չեմ ուզում մեղադրական խոսքեր ասել, բայց ինչ-որ չափով պատերազմի սկզբից կարելի էր կանխատեսել, առնվազն զգույշ լինել և տարհանել Շուշիի հավաքածուները՝ անկախ այն սցենարից, որին որևէ մեկս չէինք սպասում և պատրաստ չէինք»:
Պատկերացում կազմելու համար, թե Շուշին ինչ աստիճան ուշադրության կենտրոնում է եղել միշտ՝ Արև Սամուլեյանը շեշտել է, որ վերջին 10-ը տարիներին Արցախի մշակութային մայրաքաղաքին այնքան գումար է տրամադրվել պետական միջոցներից, որ նույնիսկ Գյումրիի համար այդքան ծախս չի արվել՝ չհաշված մասնավոր ներդրումները:
Շուշիի կերպարվեստի թանգարանից միայն փրկվել է Գյուրջյանի 3 քանդակ, որոնք Հայաստանի ազգային պատկերասրահից էին բերվել ժամանակավոր ցուցադրության: Լուսինե Գասպարյանի խոսքով՝ դրանց հետևից գնացել են Համլետ Պետրոսյանի արշավախմբի անդամները:
Tert.am-ը պարզեց նաև, որ Շուշիի գորգերի մասնավոր թանգարանի միայն ցուցադրության նմուշներն են դուրս բերվել Արցախի տարածքից, իսկ ամբողջ ֆոնդը մնացել է թշնամուն:
Արև Սամուելյանի համոզմամբ՝ եթե լիներ «Թանգարանների և թանգարանային ֆոնդի մասին օրենք»-ը, ապա հնարավոր կլիներ շատ բան ավելի հեշտացված կարգով անել ու ավելի օպերատիվ լինել. կարգավորել պետական-մասնավոր հավաքածուների, ֆոնդերի իրավահարաբերությունները, բայց 6 տարվա ընթացքում մշակված նախագիծը 2018-ի հունիսին հետ է կանչվել Ազգային ժողովից ու մոռացության մատնվել:
Մանրամասները՝ տեսանյութում: